Հրաժարվելով ԵԱՀԿ ՄԽ-ից, մենք Ադրբեջանին տրամադրելու ենք ճնշում գործադրելու նոր լծակներ․ Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

xx

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման ՀՀ առաջարկին․

«Մինչ օրս իշխանությունները պնդում էին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը հնարավոր է միայն խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, և այդ մոտեցումն ընկալվում էր որպես Հայաստանի հստակ և կուռ դիրքորոշում։
Սակայն այսօր վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է քննարկել կառույցի լուծարումը՝ առանց խաղաղության պայմանագրի կնքման, առանց որևէ միջազգային երաշխիքների կամ պայմանավորվածությունների։

Իշխանությունները փորձում են համոզել հասարակությանը, որ հակամարտությունն այլևս գոյություն չունի, ինչով հիմնավորվում է Մինսկի խմբի անպետք լինելը։ Սակայն այդ փաստարկը պատրանք է և խիստ հակասում է իրականությանը։

Եթե իսկապես հակամարտություն չկա, ապա ինչո՞ւ են ադրբեջանական զինված ուժերը գտնվում Հայաստանի ինքնիշխան տարածքում:

 Ինչո՞ւ են հայ ռազմագերիները և գերևարված ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ընտրված անձինք պահվում ադրբեջանական բանտերում։

Ինչո՞ւ է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկված իր հայրենի բնօրրան վերադարձի իրավունքից։

Հրաժարվելով կարևորագույն դիվանագիտական գործիքից, որը տարիներ շարունակ ծառայել է մեր շահերի պաշտպանությանը, մենք թուլացնում ենք Հայաստանի դիրքերը և Ադրբեջանին տրամադրում նոր լծակներ՝ ճնշում գործադրելու համար։

Այսպիսով, հայկական բանակցային ֆոնդը զրկվում է բովանդակությունից և սպառվում։ Մեր վերջին դիվանագիտական խաղաքարտերը միակողմանի զիջվում են թշնամուն՝ կրկին ոչ մի բանի դիմաց և նախապես հիմնավորված դիրքորոշումը հապճեպ փոխելու արդյունքում: Խստիվ դատապարտում եմ և հույս ունեմ, որ Հայաստանի քաղաքացիները և քաղաքական ուժերը համապատասխան հետևություններ կանեն այս ամենից»,- գրել է նա։ 


 

--00—ՍՊ