Լոս Անջելեսի շրջակայքում շարունակվում է պայքարը աննախադեպ անտառային հրդեհների դեմ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

սս

Չորրորդ օրն է Լոս Անջելեսում հրշեջները պայքարում են կրակի դեմ՝ փորձելով վերահսկողության տակ առնել անտառային հրդեհները, որոնք ոչնչացրել են հազարավոր տներ և առնվազն 10 մարդու կյանք խլել:

Պաշտոնյաները նախազգուշացրել են՝ զոհերի թիվը կարող է աճել, երբ հրդեհաշիջման աշխատանքներից հետո փրկարարները կարողանան մուտք գործել հրկիզված տարածքներ:

Հրդեհների մարման աշխատանքները շարունակվում են։ Օգտվելով քամիների ժամանակավոր դադարից՝ գործի են դրվել ջրատար ուղղաթիռներ:

Սպիտակ տան ներկայացմամբ՝ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ հրավիրելու է հատուկ խորհրդակցություն՝ քննարկելու դաշնային կառավարության արձագանքը Կալիֆոռնիայում շարունակվող անտառային հրդեհներին:

Հինգշաբթի Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում ԱՄՆ նախագահն ասել էր, որ Կալիֆոռնիա նահանգին տրամադրվել են դաշնային ռեսուրսներ ու լրացուցիչ ֆինանսավորում՝ անտառային հրդեհների դեմ պայքարելու համար, որոնք նախագահը կոչել է «Լոս Անջելեսում երբևէ արձանագրված ամենավատ հրդեհներ»:

Ըստ Բայդենի՝ հատկացված միջոցները կուղղվեն, որպեսզի 180 օր հոգան ժամանակավոր կացարանների կարիքները, վերացնեն վտանգավոր նյութերը, վճարեն արագ արձագանքման ծառայության աշխատակիցների աշխատավարձերը, կատարեն կյանքի ապահովագրության հետ կապված ծախսերը:

--00—ՍՊ