ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման ողջունել է Արցախի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով մարդասիրական նպատակով կրակի դադարեցումը՝ Մոսկվայում բանակցություններից հետո: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԵԱՀԿ ալբանական նախագահության «Թվիթերի» էջից: «Մեզ կայունություն է պետք և՛ տեղում, և՛ Մինսկի խմբի համանախագահների գլխավորած գործընթացում: Այս համաձայնությունը ճանապարհ է բացում առարկայական բանակցությունների համար»,- ասված է հայտարարությունում:
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։
Աղբյուրը՝ «Արմենպրես»։
--00—ՄՀ