ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Ամերիկայի հայկական համագումարը հայտարարել է, որ Ամերիկյան երկու խոշոր լոբբիստական ընկերություն հրաժարվել են ներկայացնել ադրբեջանական շահերը Վաշինգտոնում և մերժել են Բաքվի «արյունոտ փողերը»։ Ինչպես հաղորդում է համագումարը՝ վկայակոչելով նախաձեռնության հեղինակներ Էնթոնի Բարսամյանին ու Վան Գրիգորյանին, արվելու է հնարավորը, որպեսզի այլ կազմակերպություններ էլ վարվեն նույն կերպ։
«Ալիևի ռեժիմի հետ չասոցացվելու համար, որի պարագլուխը (Նախագահ Իլհամ Ալիևը) խոստացավ քրիստոնյա հայերին «շների պես սրբել», այդ ընկերությունները պետք է դադարեցնեն արյունոտ փող վերցնել Ադրբեջանից և Թուրքիայից, եթե նրանք ունեն ամերիկյան հայրենասիրության գիտակցություն կամ զգացում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է հայտարարության մեջ։
ԱՄՆ մեկ միլիոնանոց հայ համայնքը լուրջ ազդեցություն ունի ԱՄՆ օրենսդիրում, և համայնքային կազմակերպությունները շարունակում են Ադրբեջանի շահերը ներկայացնող լոբբիստական կազմակերպությունների հետ տարվող բացատրական աշխատանքը։
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։
Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։
Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ:
Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը:
Մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 36 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 28 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 115 մարդ, որից 95 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 77-ը արական, իսկ 18-ը` իգական սեռի քաղաքացիներ են:
Արցախի Հանրապետության 130 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 7800 մասնավոր անշարժ գույք, 720 մասնավոր շարժական գույք, 1310 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
--00—ՄՀ