ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News
Քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Հանդիպմանն անդրադարձ է եղել երկրում ստեղծված ներկա իրավիճակին, մասնավորապես՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարությանն ու դրա դրույթներին:
Հիմնական պատասխանատու համարելով գործող իշխանություններին՝ ՀՅԴ ներկայացուցիչներն իրենց անհանգստությունն ու մտահոգությունն են արտահայտել առկա ռիսկերի վերաբերյալ, ներկայացրել ստեղծված իրավիճակի հաղթահարման իրենց տեսլականը:
Ընդգծվել է, որ ղարաբաղյան հակամարտության՝ որպես համազգային նշանակության հարցի կարգավորման շուրջ պետք է լինի համազգային կոնսենսուս։
Նախագահ Սարգսյանը ընդգծել է երկրի կայունության պահպանման, հասարակական համերաշխության և միասնականության կարևորությունը:
--00--ԱԹ