ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, Արցախյան շարժման ակտիվիստ Ալյոշա Գաբրիելյանն իր ֆեյսբուքյան էջում մտահոգություն է հայտնել ՀՀ ներկա իշխանությունների կողմից արցախցիների նկատմամբ ճնշումների շուրջ․
«Սիրելի՛ արցախահայեր։ ՀՀ գործող իշխանությունները ծրագիր ունեն մինչև մայիսի վերջ կողպեքի տակ առնել Երևանում գտնվող Արցախի հանրապետության ներկայացուցչության շենքը, դրանով իսկ վերջ դնելով Արցախի հանրապետության պետական ինստիտուտների գոյությունը։ Այդ գործին են լծված նաեւ իրենց հանրային գործիչներ համարող որոշ իշխանամետ ու իշխանությունների կողմից սնվող արցախցիներ։
Վերջիններս ջուր լցնելով ՔՊ-ականների ջրաղացին առաջ են քաշում Արցախի նախկին իշխանությունների օրոք տեղ գտած կոռուպցիոն գործարքներ, իրականացված թալան ու կողոպուտ։ Ինչպես նաև քննադատելով Արցախի հանրապետության ներկա իշխանություններին, մեղադրանքներ են տեղում նրանց հասցեին` անգործություն, անհետեւողականություն դրսեւորելու համար։
Եկեք ճիշտ գնահատենք պահը, ՀՀ-ում բնակվող արցախահայության ներկա վիճակը, իշխանությունների կողմից նրանց նկատմամբ օր-օրի խորացող բացահայտ ճնշումները եւ դրանց դիմակայելուն ուղղված արցախահյության ընդվզումների ու բողոքների ուղղորդվածությունն, որոնք հիմնականում աղերս չունեն իշխանափոխության հետ։ Այս պահին նման խնդիրների, նման դեռեւս չբացահայտված քրեական գործերի առաջ բերումը ընդամենը հանրության ուշադրության շեղումն է ընդհանուր գործից։
Միասնություն և ուժերի կոորդինացում այս պահին խիստ կարեւոր է։ Արցախցիների իրավունքների պաշտպանության շտաբի շուրջ համախմբումը խիստ կարեւոր է։
Արցախահայության շուրջ ՀՀ-ում գործող հասարակական֊քաղաքական ուժերի միասնության ապահովում` ևս անհրաժետ է։
Կարևոր է նաև Արցախի իշխանությունների հետ համագործակցությունը, նրանց սատարումն ու պաշտպանության գործի կազմակերպումը։
Կարևոր է նաև արցախահայության իրավունքների պաշտպանության հստակ ծրագրի և ճանապարհային քարտեզի նախագծումը։
Կարևոր է նաև ծագումով արցախցի վայ քարոզիչների, բառիս բուն իմաստով, լռեցնելու գործի նախաձեռնումը։
Ամեն մի քայլ կատարելիս, նախաձեռնություն ցուցաբերելիս անպայման պետք հենվել շտաբի հետ համագործակցող ՀՀ հասարակական֊ քաղաքական ուժերին և հաշվի առնել նրանց ընդհանրական կարծիքը»,- նշել է նա։
--00--ՍՊ