ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 12-13-ը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը, որտեղ ՀՀ կառավարությունը Էկոնոմիկայի նախարարության համակարգմամբ ներկայացնում է «Այսօրվա և վաղվա սյուները» խորագրով նորարարական տաղավարը։
Համաշխարհային ցուցահանդեսը հնգամյակի ամենակարևոր իրադարձություններից է, որի ընթացքում ներկայացվում են տեխնոլոգիաների, առողջապահության, կայուն ու ինքնաբավ տնտեսության և ուրբան զարգացման ոլորտների նորագույն ձեռքբերումները։ Այս տարվա ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 160 երկիր, և ակնկալվում է 28 մլն այցելու։
Նախարարը շրջել է Հայաստանի ազգային տաղավարով, որը ներկայացնում է ութ «սյուներ», որոնցից յուրաքանչյուրն արտացոլում է ՀՀ-ն ներկայացնող հիմնարար մի ուղղություն՝ հնագույն պատմությունից և ստեղծարար մտածողությունից մինչև ժամանակակից տեխնոլոգիաներ և խաղաղությանն ուղղված հանձնառություն։
Տաղավարում ներկայացված են նաև Կառավարության մեգանախագծերը, ներառյալ՝ «Խաղաղության խաչմերուկը», Գյումրիի «Չոր նավահանգիստը», «Ակադեմիական քաղաքը», «Ինժեներական քաղաքը»:
Տաղավարում ներկայացված են Հայաստանի բարենպաստ ներդրումային միջավայրն ու զբոսաշրջային կարևոր և տեսարժան ուղղությունները։
Բացի այս՝ Հայաստանի ազգային տաղավարում ներկայացված են նաև կրթական նորարարական նախաձեռնությունները՝ ՔՈԱՖ, Արմաթ, ինչպես նաև՝ Հայաստանի տեսլականն ուսուցման ապագայի վերաբերյալ:
Մանրամասն ցուցադրված է Թումոյի միջազգային ցանցը՝ հատկապես Թումո Գունմա կենտրոնը, որը կբացվի Ճապոնիայի Տակասակի քաղաքում հունիսի 1-ին՝ որպես Հայաստանում ստեղծված կրթական ծրագրի արտահանման օրինակ։
Մանրամասն ցուցադրված է Թումոյի միջազգային ցանցը՝ հատկապես Թումո Գունմա կենտրոնը, որը կբացվի Ճապոնիայի Տակասակի քաղաքում հունիսի 1-ին՝ որպես Հայաստանում ստեղծված կրթական ծրագրի արտահանման օրինակ։
Նախարար Գևորգ Պապոյանը կարևորել է նման մասշտաբի ցուցահանդեսներում Հայաստանի մասնակցությունը, նշելով, որ դա լրացուցիչ հնարավորություն է երկրի ներուժն ու գրավչությունը միջազգային հարթակներում ներկայացնելու և համագործակցության նոր ուղիներ ստեղծելու համար։
--00--ՍՊ