ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հանդիպել է Արցախի Քաշաթաղի շրջանի մի խումբ բնակիչների հետ, որոնց թվում եղել են նաև գյուղական համայքների ղեկավարները։ «Այս մասին նախարարը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Այս համայնքներում բնակվել են հիմնականում Հայաստանից տեղափոխված քաղաքացիները՝ վերաբնակեցման ծրագրերի շրջանակում։ Մեր հայրենակիցները ներկայացրին իրենց մտահոգությունները, խնդիրները։ Քննարկեցինք առկա աջակցության ծրագրերի վերաբերյալ առաջարկներ, այլ խնդիրների մասով լուծման տարբերակներ»,- գրել է նախարարը:
Առաքելյանը հավելել է, որ հանդիպման ընթացքում բոլորի կողմից կարևորագույն պահանջը՝ աշխատելու և արժեք ստեղծելու հնարավորություն ընձեռելն է եղել:
«Սեփական աշխատանքով ընտանիքը, համայնքը, հայրենիքը շենացնելու ձգտումը և պատրաստակությունը արժանի է հարգանքի և բացառիկ աջակցության»,- նշել է Առաքելյանը:
Շրջանի բնակիչներն ու նախարարը պայմանավորվել են որոշակի քննարկումներ իրականացնել, ինչից հետո կրկին հանդիպել՝ առկա խնդիրներին առավել արդյունավետ և արագ լուծումներ տալու նպատակով։
--00--ԱՀ