ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Հոկտեմբերի 11-ը Վրաստանում սգո օր է հայտարարվել, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
«Խորը ցավ եմ հայտնում Բաթումում տեղի ունեցած ողբերգության համար եւ ցավակցում եմ զոհերի ընտանիքի անդամներին եւ հարազատներին: Նրանց հետ միասին այս սարսափելի ողբերգությունը սգում է ամբողջ Վրաստանը: Իմ որոշմամբ` ի հիշատակ զոհերի հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարվում:
Պետությունը տուժածներին կտրամադրի անհրաժեշտ ողջ օգնությունը: Բոլոր անձինք, ովքեր մեղավոր կճանաչվեն, կպատժվեն օրենքի ողջ խստությամբ: Ներքին գործերի նախարարությունն արդեն ձերբակալել է երեք մարդու, իսկ հետաքննությունը շարունակվում է»,- գրել է Իրակլի Ղարիբաշվիլին սոցցանցում:
Հիշեցնենք, որ նախօրեին Բաթումում բարձրահարկ շենք էր փլուզվել: Շենքի փլուզման զոհերի թիվը հասել է վեց մարդու, այդ թվում զոհվել է երկու անչափահաս:
Եվս երեք մարդ մնում է փլատակների տակ, որոնումները շարունակվում են:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը բերման է ենթարկել 3 մարդու` առաջին հարկի բնակարանի սեփականատիրոջը եւ երկու բանվորի, ովքեր վերանորոգում էին այն` անվտանգության կանոնների կոպիտ խախտումներով: