ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News
Ալերգիկ խնդիրների պարագայում կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար որևէ հակացուցում չկա, եթե հիվանդությունը չի գտնվում սրացման փուլում:
Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ԵՊԲՀ ալերգոլոգիայի և իմունոլոգիայի ամբիոնի վարիչ, Հերացի համալսարանական հիվանդանոցի ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկայի ղեկավար Արմինե Հակոբյանը` ընդգծելով, որ հիվանդության սուր փուլում խորհուրդ է տրվում հետաձգել պատվաստումը: Մնացած բոլոր դեպքերում հակացուցումներ չկան:
«Բավական մեծ է այն մարդկանց թիվը, որոնք ասում են` ունեն ալերգիկ այս կամ այն հիվանդությունը և դա պատվաստման հակացուցում է: Այս առնչությամբ ուզում եմ ասել, որ մենք ունենք ցուցումների վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվող գործելակարգ: Ասեմ, որ որպես բացարձակ հակացուցում կարող է լինել միայն առաջին դեղաչափից առաջացած ալերգիկ ռեակցիան»,-ասաց Արմինե Հակոբյանը:
Մասնագետի խոսքով, իրենց դիմած բուժառուների մեծ մասը գնում և ստանում է իր պատվաստումը: Բարեբախտաբար չունեն սուր, ծանր ալերգիկ դրսևորումներ կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո: Պատվաստվելուց առաջ հավելյալ հետազոտությունների անհրաժեշտություն չկա: Արմինե Հակոբյանն ընդգծեց, որ աշխարհում նման պրակտիկա չկա, որ պատվաստումից առաջ նախապես ալերգոլոգիական հետազոտություն անցնեն: Ամեն դեպքում, բուժառուների շրջանում կան մարդիկ, որոնք վախենում են, խուսափում են և չեն համաձայնում պատվաստման, քանի որ, ըստ մասնագետի, բավական շատ է խեղաթյուրված, ոչ ճշգրիտ ինֆորմացիան:
Ալերգոլոգ-իմունոլոգ Սևան Իրիցյանի խոսքով՝ լինում են դեպքեր, երբ պատվաստվել ցանկացող քաղաքացիներին բուժօգնության առաջին օղակում չեն խրախուսում դա անել, եթե ունեն ալերգիկ խնդիրներ:
«Դժվարանում եմ ասել, թե ինչու է այդպես, որովհետև մի շարք միջոցառումներ են անցկացվել առաջին օղակի բժիշկների համար՝ հասկանալու, թե ինչպե՞ս տարբերակել, թե որ դեպքերում ինչի՞ց զգուշանալ և այլն: Միգուցե դա պատասխանատվությունից խուսափելու ձև է: Կարող եմ ասել, որ մեր բուժառուների շրջանում կան շատերը, որոնք պատվաստվել են ու ալերգոլոգիական բարդություններ չենք ունեցել: Տեղային կարմրածություն կամ նման դրսևորումներ հաճախ են լինում ու դրանք բացարձակ խոչընդոտ չեն»,-ասաց Սևան Իրիցյանը:
Պատվաստվելուց առաջ հավելյալ հակաալերգիկ դեղամիջոցներ ընդունելու անհրաժեշտություն ևս չկա: Մասնագետները նշեցին, որ ամբողջ աշխարհում 7 մլրդ-ից ավելի մարդ գոնե առաջին դեղաչափ պատվաստվել է և հսկայական ինֆորմացիա է հավաքագրվում ռեակցիաների վերաբերյալ: Արմինե Հակոբյանի խոսքով՝ ալերգաբանական ռեակցիաները բավական քիչ են:
--00--ԿԿ