ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն հայտնել է, որ երկրի նախագահ Իբրահիմ Ռայիսին Դուշանբեում նոյեմբերի 28-ին կայանալիք Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կարող է առաջին հանդիպումն անցկացնել ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ, գրում է կովկասագետ, «Ռեգնում»-ի խմբագիր Ստանիսլավ Տարասովը և ընդգծում, որ Թեհրան ժամանած թուրք արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտնել էր Էրդողանի՝ դեկտեմբերին Իրան կատարելիք հնարավոր այցի մասին:
Տարասովը կարծում է՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Իրան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում ճաքեր են ի հայտ եկել, որոնք կողմերը տարբեր պատճառներով փորձում են փակել:
«Թեհրանն այժմ ստիպված է վերաիմաստավորել իր քաղաքականությունը տարածաշրջանում: Նախկինում այնտեղ ռուսական հեգեմոնիա էր, այժմ Անկարան է սկսել իր աշխարհաքաղաքական հավակնություններն արտահայտել, որը Բաքվի հետ դաշինքով գերուժի գործոն է ստեղծում իրանական հյուսիսում: Օբյեկտիվ իրականությունն այնպիսին է, որ այդ ուժը կարող է զգալի ազդեցություն ունենալ Իրանի ադրբեջանակաբնակ շրջանում տեղի ունեցող իրադարձություններ վրա»,- ընդգծում է մասնագետը:
Ըստ Տարասովի՝ Թեհրանը հրապարակավ հայտարարում է Ադրբեջանում Իսրայելի աճող ազդեցության շուրջ իր մտահոգության մասին, սակայն Անդրկովկասում ինքնուրույն աշխարհաքաղաքական խաղ վարելու համար Իրանը ներկա պահին անհրաժեշտ ռեսուրսներ չունի՝ պատմական-խորհրդանշականից բացի: Այդ իսկ պատճառով գործողությունների բոլոր ենթադրյալ տարբերակներից նախընտրելին Իրանի համար մեկն է՝ յուրատեսակ պաշտպանիչ գոտու կազմավորումը Ռուսաստանի հետ դաշինքում:
«Թեհրանում «մարսում են» նոր աշխարհաքաղաքական իրողությունը, որը տարածաշրջանում ստեղծվել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո»,- կարծում է Տարասովը։
--00—ԼՄ