Այդպես էլ պարզ չդարձավ, թե ո՞րն էր Կենդանաբանական այգու աշխատակիցների բուն բողոքը․ Խաժակյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

նկար

«Լույս» խմբակցության ավագանի Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ինչպես գիտեք Երևանի Կենդանաբանական այգին համայնքային հիմնարկ է, և ես՝ որպես ավագանու անդամ, ընդգրկված եմ այգու կառավարման խորհրդում։ Խորհրդի ստեղծումից ի վեր՝ ավելի մեծ ուշադրություն եմ դարձրել այգու խնդիրներին՝ իրավիճակին ծանոթանալով ոչ միայն հրապարակային նյութերից, այլև այգու փաստացի վիճակից։

Վերջին շրջանում հրապարակումներ եղան այն մասին, որ կենդանիների անկումներ են գրանցվել։ Այդ մասին եղավ պաշտոնական պարզաբանում, որ տարածված թվերը ընդգրկում էին բավականին երկար ժամանակաշրջանի անկումներ։ Այն անկումները, որոնք գուցե մարդկային գործոնի հետևանք են, գտնվում են տնօրինության և կառավարման խորհրդի ուշադրության կենտրոնում։

Այսօր կենդանաբանական այգու դիմաց բողոքով էին հանդես գալիս այգու նախկին աշխատակիցներ։ Անկեղծ ասած՝ ինձ համար այդպես էլ պարզ չդարձավ, թե ո՞րն էր բուն բողոքը կամ պահանջը։ Տպավորություն էր, թե այն ուղորդված է աշխատանքից ազատված այգու նախկին պաշտոնյաներից մեկի կողմից։ Այն որ այգու տնօրենը պետք է լինի լավ կառավարիչ և կարող է կենդանաբանական մասնագիտություն չունենալ, դա ակնհայտ է։ Նոր տնօրինության ամբողջ կազմին դեռևս ծանոթ չեմ, բայց տեսնում եմ, որ լցված են այգին բարեփոխելու եռանդով։

Այս մասին հայտարարություն տարածեց նաև այգու Կառավարման խորհուրդը, որտեղ ընդգրկված են անվանի մասնագետներ։ Համոզված եմ, առանց անձնավորված շահարկումների այգին առաջիկայում կլուծի իր առջև ծառացած խնդիրները»։

--00—ԼՄ