ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրել է Մարկ Լիբիի թեկնածությունը։ Այդ մասին նշվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ, գրում է «Հետք»-ը։
Մարկ Լիբին դիվանագիտական ծառայության կադրային աշխատակից է, ունի դեսպանորդ խորհրդականի աստիճան։ Ներկայում նա զբաղեցնում է Վաշինգտոնի ազգային ռազմական քոլեջի (Կոլումբիայի շրջան) Պետդեպարտամենտի ֆակուլտետի խորհրդականի պաշտոնը։
Նախկինում նա զբաղեցրել էր Եվրոպական միությունում ԱՄՆ ներկայացուցչության առաքելության ղեկավարի տեղակալի և գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնը (Բրյուսել)։ Նրա արտասահմանյան մյուս գործուղումների թվում են Վարշավան, Նասաուն, Նիկոսիան և Բաղդադը, որտեղ նա աշխատել է որպես քաղաքական հարցերով խորհրդական։
Մարկ Լիբին Վաշինգտոնում աշխատել է Պետքարտուղարության օպերատիվ կենտրոնում որպես ճգնաժամային կառավարման տնօրենի տեղակալ, այնուհետ՝ Կենտրոնական Եվրոպայի հարցերով վարչության տնօրենի տեղակալ, Հարավային Եվրոպայի հարցերով վարչության տնօրեն և Դիվանագիտական ծառայության ինստիտուտի կողմնորոշման հարցերով տնօրեն։
Ավելի վաղ, Լիբին աշխատել է նաև Պետքարտուղարության քարտուղարության ապարատում, հետո կրկին վերադարձել այդտեղ՝ տնօրենի կարգավիճակում։ Նա ունի Մասաչուսեթսի Թաֆթսի համալսարանի բակալավրի աստիճան, նաև սովորել է Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտում։
Մագիստրոսի աստիճանը Լիբին ստացել է Ազգային ռազմական քոլեջում, որտեղ եղել է պատվավոր շրջանավարտ։ Ազատ տիրապետում է լեհերենին և ֆրանսերենին։
Առաջիկայում Մարկ Լիբիի թեկնածության քննարկումները կսկսվեն Սենատում, որի հավանությունը ստանալուց հետո միայն ԱՄՆ նախագահը կկարողանա նշանակել դեսպանին։
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգերի պաշտոնավարման ժամկետն արդեն իսկ ավարտվել է։ Նա նշանակվել էր 2019 թվականի մարտի 12-ին՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։
--00--ՀԶ