ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Կառավարության այսօրվա նիստում փոփոխություն կատարվեց 2007 թվականի որոշումներից մեկում, որի նպատակն է՝ բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր աշխատանքների և միջոցառումների շարքում նախատեսել նաև ինքնակամ շինարարության կանխարգելումը և դրանց հետևանքների վերացման (քանդման) ապահովումը, ընդհանուր օգտագործման տարածքների ապօրինի զավթման կանխարգելումը, դրանց հետևանքների վերացման ապահովումը:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց՝ ունենք իրավիճակ, երբ համայնքի ղեկավարն իրավունք ունի ինքնակամ կառուցված շենք-շինությունների քանդման որոշումներ կայացնել համայնքային հողերի վրա կամ որոշ դեպքերում՝ պետական սեփականության հողերի վրա․ «Մենք օրենքով կարգավորեցինք. այսուհետ ինքնակամ շինություն կառուցել չի կարելի, և քանդման որոշումները հստակ են:
Բայց, ցավոք սրտի, եղել են ու շարունակում են լինել դեպքեր, երբ ոչ համայնքային հողերի, մասնավորապես՝ բազմաբնակարան շենքերի պարագայում, երբ այնտեղի սեփականատերերը բնակիչներն են, ոչ թե համայնքը, նկուղային հատվածներում, տանիքներում իրականացվել կամ իրականացվում են ապօրինի շինարարություններ:
Հիմա փորձում ենք կարգավորումներ անել, որպեսզի և՛ համատիրությունն ունակ լինի կանխելու ապօրինի շինարարությունները և՛ համայնքի ղեկավարին տանք իրավասություն դրանք քանդելու և թույլ չտալու նման կառուցապատումներ»,- ասաց նա։
Իր հերթին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ քաղաքապետարանը վերջին շրջանում իրականացնում է բազմաթիվ ինքնակամ կառույցների քանդման աշխատանքներ. «Գաղտնիք չէ, որ մեր քաղաքացիներն ինքնակամ շինություններ են կառուցում շենքերի տանիքներին: Կարող ենք տեսնել, որ շենքերի տանիքներին եւս մի շենք կամ տուն է կառուցված: Լիազորությունների առումով քաղաքապետարանի եւ համայնքի ղեկավարների անելիքները սահմանափակ են եղել:
Այժմ առաջարկում ենք կարգավորումներ, որոնց արդյունքում շենքի կառավարման մարմինը եւ համայնքը հնարավորություն կստանան իրականացնել ինքնակամ շինությունների քանդման աշխատանքներ»:
Նա նշեց, որ բազմաբնակարան շենքերի վրա ինքնակամ կառույցները ոչ միայն տգեղ են, այլև սեյսմիկ առումով վտանգներ են ներկայացնում:
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն էլ տեղեկացրեց, որ այս պահին հաշվառված է շուրջ 24 հազար ինքնակամ կառույց ՀՀ-ում․ «Օրական շուրջ 200 ինքնակամ կառույց է մուտք արվում համակարգ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչև դեկտեմբերի 31-ը ինքնակամ կառույցները հաշվառելու Երևան քաղաքի վերջնաժամկետն է:
Հիշեցնեմ մեր քաղաքացիներին. ովքեր ունեն ինքնակամ կառույցներ Երևան քաղաքում, մինչև դեկտեմբերի 31-ը հաշվառելու պարագայում հետագայում գուցե դրանք օրինականացնելու հնարավորություն ունենան: Այս ժամկետը բաց թողնելուց հետո չկա հնարավորություն որևէ ինքնակամ կառույց հաշվառել և օրինականացնել Երևանում»,-ասաց Թովմասյանը:
--00—ՅՄ