Սեպտեմբերյան ագրեսիայի գործով 11 մեղադրյալ կա` միջին օղակի սպաներ, զինծառայողներ. Քյարամյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 5, 24News

2

Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ 2022 թ. սեպտեմբերին սանձազերծված ագրեսիայի վերաբերյալ 22 վարույթ է նախաձեռնվել, որոնք հետագայում միացվել են մեկ վարույթում։ Այս մասին Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:

«Շուրջ 600 տուժած անձ ունենք` վիրավորներ, զոհեր, նաև քաղաքացիական բնակիչներ, որոնք զրկվել էին իրենց բնակարաններից»,– նշել է Քյարամյանը` ավելացնելով, որ նրանց մեծ մասն ունեն տուժողի դատավարական կարգավիճակ։

Ըստ նրա` 17 քրեական վարույթ է նախաձեռնվել սեպտեմբերյան դեպքերի ժամանակ հայկական զինված ուժերի գործողությունների վերաբերյալ, որոնք եւս հետագայում այս վարույթների մեծ մասը միավորվել է մեկի մեջ։

ՔԿ նախագահը նշել է, որ քննությունն ըստ ուղղությունների է իրականացվում, տվյալ պարագայում բաժանումն ըստ մարզերի է` Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի։ «11 մեղադրյալ ունենք, որոնց մեծ մասն արդեն կալանավորված է, և 4 դրվագով արդեն ավարտել ենք նախաքննությունն ու ուղարկել ենք դատարան»,– ասել է Քյարամյանը` նշելով, որ մեղադրյալները ոչ թե բարձրաստիճան սպաներ են, այլ միջին օղակի սպաների և զինծառայողներ։

Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-14-ին միանգամից մի քանի ուղղությամբ` Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի, նախահարձակ ռազմական գործուղություններ են իրականացրել` կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ:

--00—ՅՄ