ԲԴԽ-ն օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել․ 14 դատավորներ դադարել են պաշտոնավարել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

նկար

Բարձրագույն դատական խորհրդի կողմից նախաձեռնված օրենսդրական փոփոխությունների արդյունքում մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողություն իրականացնող (այդ թվում՝ կալանավորման միջնորդություններ քննող) 14 դատավորներ դադարել են պաշտոնավարել:

Նրանցից Արմեն Պողոսյանը և Սասուն Մխիթարյանը մասնակցել են հատուկ կարգով և բարդ ընթացակարգերով անցկացվող որակավորման ստուգման գրավոր փուլին և հաղթահարել են այն, եթե նրանց հաջողվի հաղթահարել նաև բարեվարքության և ԲԴԽ-ում հարցազրույցի փուլերը, ապա կկարողանան վերանշանակվել դատավորի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում են ԲԴԽ-ից։

Մյուս 12 դատավորներն ընդգրկվել են ռեզերվային ցուցակում և ապագայում հնարավորություն կունենան վերստին նշանակվելու դատավորի պաշտոնում՝ լրացուցիչ վերապատրաստում անցնելուց հետո կամ այլ հավակնորդների հետ հավասար հիմունքներով մասնակցելով հատուկ կարգով որակավորման ստուգմանը:

Հավելենք, որ վերը նշված օրենսդրական փոփոխությունները քննարկվել և մշակվել են դեռևս 2022 թվականի դեկտեմբերին՝ Դիլիջանում ԲԴԽ-ի նախաձեռնությամբ կազմակերպված արտագնա աշխատաժողովների ընթացքում՝ ՀՀ-ում գործող ավելի քան 250 դատավորների, օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ:

--00—ԼՄ