ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կարծում է, որ Ֆրանսիան կարող է օգտակար լինել Հայաստանին թե երկրի անվտանգության հետ կապված խնդիրները լուծելու, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը նման կարծիք հայտնեց Ջերմուկում լրագրողների հետ զրույցում, փոխանցում է «Արմենպրես»-ը։
«Ֆրանսիան միանշանակ բազմաթիվ հարցերում կարող է օգտակար լինել և օգնել Հայաստանին։ Գիտեք, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստան է ուղարկվել Պրահայում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով, որում կարևոր դերակատարում է ունեցել Ֆրանսիայի նախագահը։
Ֆրանսիան շարունակում է ճանապարհներ փնտրել Հայաստանին օգնելու հարցում։ Նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ շարունակում է հետաքրքրված մնալ ԼՂ հարցով։ Գիտեք, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի հետ Հայաստան է ժամանել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը։ Այս պահին մենք տեսնում ենք Ֆրանսիայի կողմից մեծ հետաքրքրություն, որպեսզի կարգավորվի իրավիճակը Լաչինի միջանցքում»,- մանրամասնեց Արմեն Գրիգորյանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ