Արցախում պայթյունի զոհերի ԴՆԹ փորձաքննությունը շարունակվում է, ՀՀ տեղափոխվածներից 44-ը մահացել է․ ԱՆ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

l-YQKHJhWCDX

ԼՂ-ից ռազմական գործողությունների և պայթյունի հետևանքով ՀՀ տեղափոխված և մայրաքաղաքի բժշկական տարբեր կենտրոններում բուժում ստացող պացիենտների թիվը 87 է: Այս մասին 24News-ին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը՝ նշելով, որ նրանցից 8-ի վիճակը ծանր է, 2-ինը` ծայրահեղ ծանր:

Նա նշեց, որ 19 պացիենտ շարունակում է իր բուժումը արտասահմանում, նրանց մոտ նկատվում է առողջական վիճակի դրական դինամիկա․ «Ցավոք սրտի, այս ընթացքում ունեցել ենք կյանքի հետ անհամատեղելի վիճակներ, մահերը` 44 (սեպտեմբերի 24-ից տուժաժների տեղափոխումից սկսած մնչև օրս), մահերի մեծ մասը պայթյունի հետևանքով»,-ասաց նա:

Մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ վերջին շաբաթների ընթացքում 160-ից ավելի բուժառու է դուրս գրվել լավացումով, սակայն շարունակում են գտնվել բժիշկների ամբուլատոր հսկողության տակ:

ԼՂ տեղահանված ընտանիքներում ծնվել է 160 երեխա:

Այս պահի դրությամբ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 57.200 հայրենակից է գրանցվել պոլիկլինիկաներ և ամբուլատորիաներ: Բժշկական տարբեր կենտրոններում աշխատանքի են անցել ԼՂ-ից  տեղահանված 100 բուժաշխատող: 676 բուժաշխատող պետպատվերի շրջանակում մասնագիտական զարգացման կրեդիտավորման է ուղարկվել:

Առողջապահության նախարարության ուղղորդմամբ մարզային բժշկական հաստատություններում առկա թափուր հաստիք զբաղեցնելու դեպքում, ի հավելումն սահմանված աշխատավարձի, մեր հայրենակիցներին կտրամադրվի «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված ամսական աշխատավարձի եռապատիկի չափով աջակցություն՝ մինչև 6 ամիս ժամկետով:

Հերմինե Միքայելյան

--00—ՅՄ