Շառլ Միշելը վաղաժամ կլքի իր պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

7a994f49ef90cf80b3ab19ab634b98e9_XL

Եվրոպական խորհրդի ներկայիս ղեկավար Շառլ Միշելը, որի մանդատի ժամկետը լրանում է 2024 թվականի նոյեմբերի վերջին, ասել է, որ մասնակցելու է Եվրախորհրդարանի ընտրություններին և ամռանը կլքի իր պաշտոնը՝ զբաղեցնելու եվրոպացի պատգամավորի աթոռը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ «Նովոստի»-ն։

Նախօրեին բելգիական Soir հրատարակությունը հայտնել էր, որ Միշելը Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններում կարող է գլխավորել «Բարեփոխումների շարժում» բելգիական ազատական ​​կուսակցության թեկնածուների ցուցակը։

«Ես որոշել եմ մասնակցել 2024 թվականի հունիսին կայանալիք եվրոպական ընտրություններին»,- ասել է Միշելը բելգիական առաջատար լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

Նա պարզաբանել է, որ Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը չի կարող համատեղել Եվրախորհրդարանի պատգամավորի աշխատանքի հետ, ուստի նա հրաժարական կտա մինչև հուլիսի 16-ը՝ նոր գումարման Եվրախորհրդարանի պատգամավորների երդման օրը։

Միշելը նաև ասել է, որ Եվրամիության երկրների և կառավարությունների ղեկավարները հունիսի վերջին-հուլիսի սկզբին կհավաքվեն գագաթնաժողովի համար՝ ընտրելու Եվրոպական խորհրդի նոր նախագահին։ Նա հույս է հայտնել, որ իր իրավահաջորդը պաշտոնը կստանձնի ամռանը։ Հակառակ դեպքում Եվրոպական խորհրդի ղեկավարի գործառույթները կարող են փոխանցվել Հունգարիային, որն այդ պահին նախագահելու է ԵՄ խորհուրդը։

--00—ՅՄ