ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ընդունել է միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստին մասնակցելու նպատակով Իրանում գտնվող Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին:
Ըստ իրանական աղբյուրների, հանդիպման ընթացքում Ռաիսին Թեհրանի և Երևանի հարաբերություններն անվանել է պատմական, բարեկամական, կառուցողական և ընդգծել, որ Հայաստանի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականությանն աջակցելը շատ արժեքավոր և կարևոր է Իրանի համար՝ նշելով, որ Թեհրանը «դեմ է խնդիրներ լուծելու պատրվակով օտարների ներկայությանը տարածաշրջանում, և կարծում է, որ նրանց ներկայությունը ոչ միայն չի լուծի խնդիրը, այլ ավելի մեծ խնդիր կդառնա տարածաշրջանի ազգերի և կառավարությունների համար»։
Գրիգորյանն իր հերթին նշել է, որ Հայաստանի ժողովուրդն ու կառավարությունը մեծապես գնահատում են Իրանի աջակցությունը Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և ընդգծել Հայաստանի կառավարության շահագրգռվածությունն ու կամքը Իրանի հետ տնտեսական և առևտրային հարաբերությունները զարգացնելու հատկապես էներգետիկ և տարանցիկ ոլորտներում։
--00—ՅՄ