ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
Նախորդ տարի` օգոստոսի 14-ին, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով կալանավորված «ԶԻԼ»-ի վարորդ Հ. Պ.-ի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի ռեժիմի՝ մինչ դատավարությունը: Այս մասին 24News-ը տեղեկանում է իր իրազեկ աղբյուրներից:
Կապ հաստատեցինք նաև Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանի հետ, վերջինս նշեց, որ դատարանի կողմից մասնակի բավարարվել է կալանք խափանման միջոց երկարաձգելու հարցը, մասնավորապես՝ դատարանի կողմից կիրառվել է համակցված խափանման միջոց՝ տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք։ Այս գործով նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ նախորդ տարի տեղի ունեցած ողբերգական ավտովթարը խլել էր 12 հոգու կյանք: Ճակատ ճակատի բախվել էին Volkswagen Crafter մակնիշի մարդատար և ЗИЛ մակնիշի բեռնատար ավտոմեքենաները:
Մահացածները Volkswagen-ի ուղևորներն էին, ովքեր վերադառնում էին Արևմտյան Հայաստան կատարած այցից:
Նշենք նաև, որ նախաձեռնվել էր քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)։
--00—ՅՄ