ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը կարող է հարվածել Իսրայելին՝ անկախ Իրանի մտադրություններից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով երկու իրազեկ աղբյուրների։
Աղբյուրներից մեկը հայտնել է, որ «Հեզբոլլահ»-ն ավելի արագ է առաջ տանում իր ծրագրերը, քան Իրանը, և ծրագրում է մոտ օրերս հարվածել Իսրայելին։ Մինչդեռ Իրանը, ինչպես ասել են CNN-ի զրուցակիցները, դեռ որոշում է, թե ինչպես արձագանքել Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանությանը։
ԱՄՆ զինվորական պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ Թեհրանն արել է որոշ, բայց ոչ բոլոր նախապատրաստությունները, որոնք Վաշինգտոնն ակնկալում է տեսնել Իսրայելի վրա խոշոր հարձակումից առաջ:
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ Լիբանանը գտնվում է Իսրայելի անմիջական հարևանությամբ, «Հեզբոլլահ»-ը կարող է գործել գրեթե առանց նախազգուշացման։ Ըստ աղբյուրի՝ նաև անհասկանալի է, թե ինչպես են Իրանն ու «Հեզբոլլահ»-ը համակարգում հնարավոր հարձակումը։ Որոշ պաշտոնյաներ, աղբյուրի խոսքով, այնպիսի զգացողություն ունեն, որ Թեհրանը և «Հեզբոլլահ»-ը լիովին համակարծիք չեն այն հարցում, թե ինչպես առաջ շարժվել։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ