Արարատ Միրզոյանը դատարանում հայտարարել է, թե ճանաչել է իրեն ծեծող երիտասարդին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

մի
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում, տեղի ունեցավ Արարատ Միրզոյանի մահափորձի գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում, սակայն, առաջին անգամ դատարան էր ներկայացել ինքը՝ Միրզոյանը, հարցաքննության նպատակով: Վերջինս այս գործի շրջանակներում ունի տուժողի կարգավիճակ: Միրզոյանի լիազոր ներկայացուցիչներ Դիանա Վարդանյանը և Արման Խաչատրյանը միջնորդություն էին ներկայացրել` նիստն իրականացնել դռնփակ ռեժիմով, որը դատարանը բավարարել էր:
 
Դատական նիստի ավարտից հետո 24News-ը զրուցեց Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի պաշտպան Արագած Զաքարյանի հետ: Պաշտպանի խոսքով, Արարատ Միրզոյանը դատարանի դահլիճում հայտարարել է, թե ճանաչում է Թորգոմ Ասատրյանին. 
 
«Նա պնդեց, որ նույնականացնում է Թորգոմ Ասատրյանին, նույնականացնում է դիմագծերով, մարմնի կառուցվածքով, դետալային առումով որևէ հանգամանքի մասին չնշեց: Միևնույն ժամանակ, Միրզոյանը, պատասխանելով այն հարցերին, թե կարո՞ղ է ասել, որ օրինակ՝ Թորգոմ Ասատրյանը սափրվա՞ծ էր այդ ժամանակ, թե՞ ոչ, ի՞նչ հագուստով է եղել, ոչ մի հարցի պատասխան չտվեց՝ նշելով, որ չի հիշում»: 
 
Ուղղակի զարմանալ կարելի է, թե ինչպես է ստացվում, որ Արարատ Միրզոյանը մեկ-երկու ակնթարթ, ինչպես ինքն է նշում՝ իբրև թե տեսել է դեպքի վայրում պաշտպանյալիս, 4 տարի անց դատարանում տեսնելիս, անմիջապես նույնականացնում է` ֆենոմենալ հիշողության մասին է խոսքը գնում: 24News-ի հետ զրույցում ասաց փաստաբանը: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ Արարատ Միրզոյանը դեպքի ընթացքում կորցրել էր գիտակցությունը և չէր հիշում, թե ինչ է կատարվել, սակայն երեկ տված ցուցմունքի ժամանակ այլ բան է պնդել, ինչպես ներկայացնում է Թորգոմ Ասատրյանի ներկայացուցիչը. «Միրզոյանը նշեց, որ անգիտակից վիճակում չի եղել, այո´ բազմաթիվ հարվածներ ստացել է, որի ընթացքում զրկվել է պաշտպանվելու հնարավորությունից, սակայն հստակ լսել և տեսել է այն ամենը, ինչը որ կատարվել է, և իր մեջ տպավորվել է»: 
 
Մեղադրյալի պաշտպանը Միրզոյանին հարց է ուղղել՝ կարո՞ղ է նույնականացնել այն 20 անձանց, ովքեր իր նկատմամբ բավականին ագրեսիվ վարքագիծ են դրսևորել, ինչին ի պատասխան՝ ԱԳ նախարարը հայտնել է, որ մի մասին կարող է տեսնելուց նույնականացնել, մի մասի հարցով դժվարանում է պատասխանել։ 
 
Զաքարյանը դժգոհություն է հայտնում, որ նախաքննության ընթացքում ոչ մի տեղեկություն Արարատ Միրզոյանը չի հայտնել․ «Ինձ համար ուղղակի զարմանալի է, երբ նա նշեց, որ, ըստ էության, այս հանցագործությունն ուղղված է եղել պետության դեմ, և որ կատարողները պետք է բացահայտվեն ու պատժվեն, դրա հետ մեկտեղ նախաքննության ընթացքում Արարատ Միրզոյանը, ունենալով թարմ հիշողություն, իրեն ծեծի ենթարկողներից ոչ մեկի վերաբերյալ հստակ տեղեկություններ չի հայտնել: Հակառակը՝ նախաքննության ընթացքում Արարատ Միրզոյանը նշեց, որ իրեն տեսգրություն են ցույց տվել, անգամ տեսագրությունը ցույց տալուց հետո որևէ արձանագրություն չի կազմվել այն մասին, որ Միրզոյանը տեսագրության մեջ տեսագրված անձին ճանաչել է որպես Թորգոմ Ասատրյանի և հստակ հիշում ու նույնականացնում է»: 
 
Նախաքննության ընթացքում Արարատ Միրզոյանն ու Թորգոմ Ասատրյանը չեն առերեսվել, պաշտպանը նշում է, որ հիշյալ գործողությունը իրականացնելու համար առնվազն Միրզոյանը պետք է Ասատրյանի դեմ ցուցմունք տված լիներ, ինչը չի արել։ 
 
Արարատ Միրզոյանը նշել է, որ իր դեմ կատարվածը պետության դեմ ուղղված հանցագործություն է եղել, սակայն հարց է առաջանում, այդ դեպքում ինչու՞ ձեռնամուխ չի եղել այդ գործի քննության արագ իրականացմանն ու բացահայտմանը։ «Հաշվի առնելով իր զբաղեցրած պաշտոնը՝ աշխատել է հնարավորինս զերծ մնալ գործից, որպեսզի հանկարծ որևիցե մեկի մոտ տպավորություն չստեղծվի, առ այն, որ օգտագործելով իր պաշտոնական դիրքը՝ փորձում է ներազդել գործի վրա կամ որոշ անձանց կաշկանդել այս գործը քննելու առումով»,- մեղադրյալի պաշտպան Զաքարյանը վերարտադրեց Միրզոյանի խոսքերը։

Արարատ Միրզոյանի տված ցուցմունքը դատարանում, հնարավոր է՝ էական նշանակություն ունենալ, և տնային կալանքի տակ գտնվող Թորգոմ Ասատրյանին նորից տանեն կալանքի․ «Ցուցմունք տալու հանգամանքը օրենքի տեսնակյունից թեպետ խափանման միջոցի փոփոխման առումով նշանակություն չունի, բայց իրականում էական նշանակություն կարող է ունենալ: Մյուս կողմից ինձ համար ցավալի էր, որ դատարանն այսօր բավարարեց տուժողի լիազոր ներկայացուցչի միջնորդությունը և դատական նիստը դռնփակ իրականացվեց: Միջնորդության հիմքում դրվել էին ձևականորեն երկու  հանգամանք․ առաջինը՝ Արարատ Միրզոյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունները, որ չհրապարակվեն և հասարակությանը հայտնի չդառնա, և երկրորդը՝ ելնելով արդարադատության շահերից, անվտանգությունից: Բայց իրական պատճառը բոլորիս համար ակնհայտ դարձավ, որ Արարատ Միրզոյանի ցուցմունքը հասարակությանը հասու չլինի, կամ չտեսնեն ու չլսեն, թե ինչ բովանդակության ցուցմունք է տվել Միրզոյանը»,- իր դիրքորոշումը 24News-ի հետ զրույցում հայտնեց Արագած Զաքարյանը:

Արարատ Միրզոյանի ծեծի գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է սույն թվականի սեպտեմբերի 18-ին։ 

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել 2020 թ-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերն այն բանից հետո, երբ Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը ստորագրեցին եռակողմ հայտարարությունը, որով, ըստ էության, հայկական կողմը կորցրեց Արցախի մի մասի ու հարակից շրջանների նկատմամբ վերահսկողությունը։

 

Մերի Մանուկյան

--00--ԼՀ