ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Վենետիկի մուտքի տոմսի գինը 2025 թվականին կբարձրանա՝ 5 եվրոյից հասնելով 10 եվրոյի նրանց համար, ովքեր այցելությունն ամագրում են վերջին պահին։ Բացի այդ, գրեթե կկրկնապատկվի այն օրերի թիվը, որոնց ընթացքում զբոսաշրջիկները պետք է վճարեն մուտքի համար։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են մի շարք լրատվամիջոցներ՝ վկայակոչելով Վենետիկի քաղաքապետին։
2025 թ. ապրիլից կսկսվի քաղաք փորձնական վճարովի մուտքի նոր շրջանը։ Ընթացիկ տարվա համեմատ այդ ժամանակահատվածը գրեթե կկրկնապատկվի՝ 29-ից հասնելով 54 օրվա, իսկ տոմսի գինը կբարձրանա մինչև 10 եվրո, եթե զբոսաշրջիկն այն պատվիրի այցելությունից չորս օրից պակաս ժամանակամիջոցում։
Վճարովի օրերը, ինչպես հայտարարել է քաղաքապետարանը, բաժին են ընկնում զբոսաշրջիկների ամենամեծ հոսքի ամիսների՝ մայիսի, հունիսի և հուլիսի որոշակի օրերին (շաբաթ և կիրակի օրեր, արձակուրդներ, տոներ)։ Վճարը, որի սահմանման որոշումը կայացվել է դեռևս 2019 թվականին, վերաբերում է միայն նրանց, ովքեր Վենետիկ են ժամանում մեկ օրով՝ առավոտից մինչև երեկո։ Նրանք, ովքեր մնում են գիշերելու, վճարում են լրացուցիչ տուրիստական հարկ, որի չափը կախված է հյուրանոցի մակարդակից։
Անվճար Վենետիկ կթողնեն մինչև 14 տարեկան երեխաներին՝ նույնիսկ մեկօրյա այցի դեպքում, ինչպես նաև զանազան համաժողովների և սպորտային մրցումների մասնակիցներին։ Իսկ առանց տոմսի այցելուներին կտուգանեն:
Վենետիկը՝ Իտալիայի ամենաշատ այցելուներ ունեցող քաղաքներից մեկը, համարվում է «մահացող քաղաք»։ Բնակիչների թիվն անցյալ դարի կեսերից զգալիորեն նվազել է, շատ վենետիկցիներ հեռացել են՝ վաճառելով իրենց տները կամ փոխել են իրենց գործունեության բնույթը և սկսել զբոսաշրջիկների ընդունել։ Նրանք, ովքեր մնացել են քաղաքում, դժգոհում են զբոսաշրջիկների ճնշող բազմությունից:
--00—ԼՀ