ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Հայաստանի ներքին գործերի նախարարության ձևավորման հարցում կառավարությունը մոտ է վերջնական որոշումների կայացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կառավարության նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ արդեն իսկ մեկնարկել է ոստիկանության բարեփոխումների գործընթացը:
«Մեր առաջիկա նպատակների մեջ մենք մեզ համար առաջնահերթություն ենք համարում, մասնավորապես, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, փրկարար ծառայության, պետական պահպանության ծառայության նոր ստանդարտների հաստատումը: Ստանդարտի մեջ նկատի ունենք նաև աշխատավարձերի բարձրացումը»,-ասաց վարչապետը:
Նրա խոսքով` բոլոր հատուկ ծառայություններում, որոնց գործունեությունը կապված է անվտանգության հետ, պետք է առաջիկա տարիների ընթացքում կարողանան արձանագրել աշխատավարձի կրկնապատկում` ատեստավորման գործընթացի միջոցով:
«Մենք պետք է հասկանանք, որ կա պետական համակարգ, որը խթանում է և մոտիվացիա է տալիս մեզ համար առանցքային ոլորտի աշխատողներին: Համակարգը մոտավորապես պետք է աշխատի հետևյալ կերպ. առաջիկա երեք տարիներին բոլոր այն աշխատողները, ովքեր ունեն այդ ցանկությունը, կամավոր ատեստավորման գործընթաց են անցնում, որի արդյունքում աշխատավարձերը կրկնապատկվում են: Արդյունքում բարձրանում է ոչ միայն աշխատավարձը, այլև աշխատանքի ստանդարտը, որը մենք ակնկալում ենք»,-նշեց նա:
--00—ԻԴ