Բայդենը «անհանգստացած» է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Screenshot_3

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ «անհանգստացած» է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններով, իսկ խորհրդարանական ընտրություններն իբր ուղեկցվել են «ընտրողների ահաբեկմամբ և պարտադրանքով»։

«Ես խորապես անհանգստացած եմ վերջին շրջանում երկրում ժողովրդավարության հետընթացով», - ասվում է Բայդենի հայտարարության մեջ:

Ինչպես նշվում է, ԱՄՆ նախագահը մտահոգված է Վրաստանում արտաքին ազդեցության մասին օրենքի ընդունմամբ, որն իբր «պատճենում է ռուսական օրենքները»։

Բայդենի խոսքով՝ Վրաստանում խորհրդարանական ընտրություններն իբր ուղեկցվել են «վարչական ռեսուրսի բազմաթիվ չարաշահումներով, ընտրողներին ահաբեկելով և հարկադրելով»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ իշխող «Վրացական երազանքը», որը հանդես է գալիս Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների պահպանման և հակառուսական պատժամիջոցների դեմ, ստացել է ձայների 53,93 տոկոսը։

Խորհրդարան են անցել նաև չորս ընդդիմադիր կուսակցություններ՝ ստանալով ընդհանուր 37,78%:

Ընդդիմության ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ չեն ճանաչում ԿԸՀ տվյալները։

--00—ՅՄ