Իրանը պատերազմ չի ցանկանում, բայց պատրաստ է Իսրայելի դեմ լայնածավալ պատերազմի. Արաղչի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

Сним

  Իրանն Իսրայելի հետ ուղղակի բախման չի ձգտում, սակայն պատրաստ կլինի պատասխանել իսլամական հանրապետությանը լայնածավալ պատերազմի մեջ ներգրավելու՝ հրեական պետության բոլոր սպառնալիքներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Պորտուգալիայում ՄԱԿ-ի «Քաղաքակրթությունների դաշինք» համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում։

«Իսրայելական վարչակազմը գիտի մեր հնարավորությունները։ Նրանք գիտեն՝ ինչպես մենք կարող ենք մեզ պաշտպանել։ Բայց պետք է ընդգծեմ, որ ի տարբերություն իսրայելցիների՝ մենք տարածաշրջանում էսկալացման չենք ձգտում։ Իհարկե, մենք պատրաստ ենք պատերազմի, նույնիսկ լայնածավալ պատերազմի: Բայց մենք դա չենք ցանկանում, դա մեր ընտրությունը չէ։ Եթե  իսրայելացիներն ընտրեն պատերազմի ուղին, ապա մենք լիովին պատրաստ կլինենք դրան», - մեջբերում է նրա խոսքը պորտուգալական Diário de Notícias պարբերականը:

Իրանական դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունների կարգավորման պատասխանատվությունն ամենից առաջ ընկած է ԱՄՆ-ի վրա:

Դիվանագետը նաև ժխտել է այն գաղափարը, թե Իրանի  դաշնակից «Հեզբոլլահ» շարժումը թուլացել է Լիբանանի հարավում երկու ամիս շարունակվող մարտական գործողություններից հետո: 

«Եթե այն թուլացած լիներ, չեմ կարծում, թե Իսրայելը համաձայներ հրադադարի: Ակնհայտ է, որ «Հեզբոլլահ»-ը կարողացավ վերակազմավորվել և հերոսական դիմադրություն ցույց տալ հարավային Լիբանանում՝ բախվելով իսրայելական ուժերի հետ», - նշել է նա՝ հավելելով, որ «Հեզբոլլահ»-ը խոշոր դերակատար է Լիբանանում:

Վերջին մեկ տարվա ընթացքում Գազայում շարունակվող ռազմական գործողություններին զուգահեռ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև փոխադարձ գնդակոծություններ էին տեղի ունենում, որոնք սաստկացան սեպտեմբերի վերջից։ Իսրայելական հարվածներից Լիբանանում զոհվել է ավելի քան 3700 մարդ։ Կողմերի միջև հրադադարն ուժի մեջ է մտել նոյեմբերի 27-ին։

--00—ԼՀ