Ս. Կիրակոսի, նրա մոր՝ Հուղիտայի հիշատակության օրն է այսօր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

Screenshot_2

Հուղիտան աստվածասեր ու բարեպաշտ մի կին էր: Նա ուներ երեք տարեկան մի մանուկ, ում անունը Կիրակոս էր: Երբ սկսում են հալածանքները քրիստոնյաների դեմ, նա փախչում է Տարսոն: Սակայն այստեղ էլ չի կարողանում հանգիստ մնալ, քանզի հալածանքները շարունակվում են: Սրբին ձերբակալում են և չարչարանքների ենթարկում:

Մանուկ Կիրակոսն արտասվում էր` տեսնելով մոր չարչարանքները, բայց հակառակ դատավորի ցույց տված գուրգուրանքների ու փաղաքշանքների, զորանալով ի Քրիստոս ունեցած իր հավատով, կրկնում էր մոր խոսքերը. «Ես քրիստոնյա եմ և Տեր Հիսուսին եմ պաշտում»: 

Մանուկն ամեն կերպ աշխատում էր ազատվել դատավորի ձեռքից և մոր մոտ գնալ: Նա ուժգին հարվածում է դատավորի ձեռքին, իսկ վերջինս զայրույթից մանկանը նետում է սանդուղքներից: Կիրակոսի գլուխը խփվելով քարին` վնասվում է,  ու նա հոգին ավանդում է` խառնվելով Բեթղեհեմի անմեղ մանուկների խմբին:

Իսկ նրա մայր Հուղիտան փառք է տալիս Աստծուն, որ իր որդին նահատակության պսակին արժանացավ` չդավաճանելով Հիսուս Փրկչին: Մորը նույնպես ենթարկում են անասելի տանջանքների ու գլխատում: Այս դեպքը տեղի է ունեցել  305 թվականին: Հայ Եկեղեցին Ս. Կիրակոսին  պատվել է հատուկ շարականով:

--00—ՅՄ