ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News
Երևանը միտված է Մոսկվայի հետ երկխոսությունը շարունակելուն, նաև հույս ունի, որ ՌԴ-ն ինչ-որ չափով հաշվի կառնի ՀՀ շահերը միջազգային հարթակներում։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը նշել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Հայաստանը մշտապես հավատարիմ է եղել բաց և կառուցողական երկխոսության սկզբունքին: Երևանը փորձում է ըմբռնումով մոտենալ ՌԴ շահերին, և կա ցանկություն ու ըմբռնում, որ ռուսական կողմն էլ միջազգային հարթակներում հաշվի կառնի Հայաստանի շահերը»,- ասել է նա։
Միրզոյանի խոսքով, Հայաստանը տրամադրված է տարածաշրջանի տնտեսական գրավչության բարձրացմանը և վերահաստատում է Հարավային Կովկասում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման պատրաստակամությունը:
Նա նաև նշել է, որ իր ներկայիս այցը լավ հնարավորություն է երկկողմ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի քննարկման համար:
--00—ՅՄ