ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News
Հունվարի 19-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած, թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մայրաքաղաքի բնակիչ, 67-ամյա մի տղամարդ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Նա հայտնել է, թե վնասվածքը ստացել է աստիճաններ բարձրանալիս ճաղավանդակին ընկնելու հետևանքով։ Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ հունվարի 19-ին, ժամը 17.30-ի սահմաններում, հիվանդանոց դիմած տղամարդուն Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան փողոցի տներից մեկում մարմնական վնասվածք է պատճառել 49-ամյա տանտերը։
Բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 21-ին տղամարդը ներկայացել է ոստիկանություն և խոստովանել արարքը։ Նա ձերբակալվել և ներկայացվել է քննչական բաժին:
--00—ԼՀ