Հայոց ցեղասպանության վերաբերյալ իշխանությունների կողմից հանրային դաշտ «իջեցված իմպերատիվը» կեղծ է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

դդդ

ԱԺ նախկին պատգամավոր Գոռ Գևորգյանը գրում է․

«Հայոց ցեղասպանության վերաբերյալ բոլոր հարցերի պատասխանները այլևս տրված են ցեղասպանագիտության կողմից, և եղելությունն անքննելի է: 

Անքննելի են նաև եղելության պատճառները, որոնց վերաբերյալ առնվազն մասնագիտական հանրության կողմից տրված են սպառիչ պատասխաններ:

Հետևաբար, Հայոց ցեղասպանության վերաբերյալ իշխանությունների կողմից հանրային դաշտ «իջեցված իմպերատիվը» կեղծ և հակագիտական է, ինչպես որ մի շարք այլ թեզեր:

Ավելին, այն ոչ միայն վիրավորում և նսեմացնում է տարիներ շարունակ Հայոց ցեղասպանության ուրացման դեմ հայկականության պայքարը, այլև համահունչ է Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության այսպես կոչված «Հայաստանի հետ հարաբերությունների օրակարգին». 1990-ականներին թուրքական իշխանությունների կողմից Հայաստանին ներկայացված նախապայմանների կետերից մեկը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ էր: Սրա պատասխանն էլ տրվել է դեռ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք:

Կարող ե՞ք պատկերացնել մի իրավիճակ, երբ

իսրայելական իրողություններում հրեական պետության իշխանությունների կողմից քննարկման թեմա առաջադրվի հոլոքոստին առնչվող որևէ մի հարց: 

Բնականաբար ո´չ: 

Իսրայելը «այլևս երբեք»-ի տառին և ոգուն համապատասխան է ձևակերպել իր ռազմաքաղաքական դոկտրինը և դրանով իսկ առաջնորդվում: 

Հայոց ցեղասպանության շուրջ ներհայկական քննարկման ՀՀ իշխանությունների կողմից առաջադրված թեզը անթույլատրելի է: 

Քաղաքական վայրիվերումներով անցնող պետությունը՝ այն էլ փոքր, առաջին հերթին պատասխանատու է իր ժողովրդի անցյալի պատմության օրգանական կապի համար ներկայի հետ: Ավելին, առաջ քաշած թեզերը պետք է քաղաքականապես ադեկվատ լինեն և որևէ կերպ այլ պետությունների կողմից չօգտագործվեն վերջինիս դեմ:

Հ.գ. պատմությունը, բոլոր անցյալ և ներկա իրողությունների ժամապահն է, ոչ երանի այն ժողովուրդներին, ովքեր դա անտեսում են»:

--00—ԼՀ