Բաքվում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի արտաքին գործերի նախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

d

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտարարել է․

«Հայ դատի Կանադայի հանձնախմբի և Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի պաշտոնական շփումների արդյունքում Հայ դատի հանձնախումբը ստացել է նախարար Ժոլիի գրությունը, որտեղ վերջինս առանցքային նշանակության շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և  Հայաստանի Հանրապետության անվտանգային խնդիրների վերաբերյալ։

Մասնավորապես, Բաքվում հայ ռազմագերիների և Արցախի նախկին առաջնորդների շարունակվող կեղծ դատավարությունների ֆոնին նախարար Ժոլին խստորեն դատապարտում է Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը և կոչ է անում.

- Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և կամայականորեն կալանավորված էթնիկ հայերի անվերապահ ազատ արձակում,

- Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանք,

 - Հայ խաղաղ բնակիչների անվտանգ և արժանապատիվ վերադարձը իրենց հայրենի հողեր,

- Հայկական մշակութային ժառանգության պաշտպանություն,

Արցախի հիմնախնդրի լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի միջոցով՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներին և Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության անհրաժեշտությանը համահունչ՝ ուժի և դրա սպառնալիքի կիրառման բացառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի շրջանակում։

Նախարար Ժոլիի այս դիրքորոշումը համապատասխանում է Հայ դատի Կանադայի հանձնախմբի քաղաքական առաջնահերթություններին։ Հանձնախումբն իր կողմից ճշտված քաղաքական առաջնահերթությունների շրջանակում շարունակում է աշխատանքը Կանադայի ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ

30 հունվար 2025թ․»։


 

--00—ՍՊ