ԵԽ պատգամավորները ողջունում են ՀԱՊԿ-ում աշխատանքները սառեցնելու վերաբերյալ Հայաստանի որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

photo_2025-01-30_14-26-07

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քվեարկության են դրվել ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության ու ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցները։   

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ երկու զեկույցն էլ անդրադառնում են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, արձանագրում ու ողջունում երկկողմ հարաբերություններում առկա մոմենտումը։ Զեկույցները ողջունում են նաև Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանին տրամադրված օժանդակությունն ու կարևորում Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության դերը։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները ողջունում են Հայաստանի որոշումը ՀԱՊԿ-ում աշխատանքները սառեցնելու վերաբերյալ, ինչպես նաև հիշեցնում Բաքվում ապօրինաբար պահվող 23 հայ պատանդների ու ռազմագերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտության մասին։  

ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության ու ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցները կարևորություն են տալիս նաև արցախահայության վերադարձին իրենց տներ։ Զեկույցները ողջունում են հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը և հիշեցնում, որ հարաբերությունների նորմալացումն ու սահմանազատումը պետք է իրականացվեն Ալմա-Աթայի հռչակագրին համահունչ։  

Քվեարկության դրված զեկույցներով ԵԽ պատգամավորները պահանջում են ԵՄ-ից դադարեցնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցության հուշագիրը, ԵՄ անդամ երկրներին կոչ անում դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող տեխնիկական, անվտանգային ու ֆինանսական աջակցությունը։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ