Իսրայելում ուժի մեջ է մտել ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալության գործունեության դադարեցման օրենքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

տտտ

 Իսրայելում հունվարի 30-ին ուժի մեջ է մտել ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գործակալության գործունեությունը դադարեցնելու մասին օրենքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանին։

Գենդելմանը պարզաբանել է, որ այսօրվանից գործակալության գործունեությունն ու ծառայություններն արգելված են Իսրայելի տարածքում։

Ավելի վաղ Իսրայելի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օրեն Մարմորշտեյնը հայտարարել էր, որ Իսրայելը հունվարի 30-ից ոչ մի շփում չի ունենա գործակալության հետ։ Նա հավելել էր, որ Իսրայելը «նախկինի նման հանձնառու է Գազա մարդասիրական օգնության առաքման աջակցությանը՝ միջազգային իրավունքին համապատասխան և պատանդների ազատման համաձայնագրի շրջանակներում»: Նրա խոսքով՝ գոյություն ունեն գործակալության այլընտրանքային շատ կազմակերպություններ, ներառյալ ՄԱԿ-ի գործակալությունները, միջազգային ոչ կառավարական կազմակերպությունները և օտարերկրյա պետությունները, որոնք արդեն աշխատում են Գազայի հատված մարդասիրական օգնության առաքման աջակցության ուղղությամբ, և «դրանց դերը միայն կաճի»:

2024 թ. հոկտեմբերի 28-ին Իսրայելի Քնեսեթը ընդունել է օրենք երկրում ՄԱԿ-ի տվյալ գործակալության գործունեության արգելման մասին։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 92, դեմ՝ 10 պատգամավոր։ Օրենքն արգելում է գործակալությանը ներկայացուցչություններ ունենալ, ծառայություններ մատուցել և ուղղակիորեն կամ անուղղակիորեն որևիցե գործունեություն իրականացնել Իսրայելի տարածքում: 

Օրինագիծը պատրաստվել է 2023 թ. հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինված աջակիցների կողմից հրեական պետության վրա հարձակմանը գործակալության աշխատակիցների մասնակցության մասին տեղեկատվության պատճառով։ Իսրայելը բազմիցս պնդել է, որ գործակալության շատ աշխատակիցներ մասնակից են արմատական ​​շարժման մարտական թևի գործունեությանը:

--00—ԼՀ