ՌԴ-ն և Ուկրաինան ավելի քան 150 ԱԹՍ են արձակել մեկը մյուսի տարածքի վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

Screenshot_3

Ռուսաստանը գիշերը 102 անօդաչու թռչող սարք է արձակել Ուկրաինայի տարածքի վրա, որոնցից 59 խոցվել են տարբեր մարզերի, այդ թվում՝ Կիևի երկնքում։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։

Նշվում է, որ հարձակման հետևանքով տուժել են Սումիի, Օդեսայի և Չերկասիի մարզերը։

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Օդեսայի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը հայտնել է, որ Ռուսաստանն արդեն երեք օր է՝ ԱԹՍ-ներով «անդադար ահաբեկում» է տարածաշրջանը. այս անգամ ռուսական ուժերը հարձակվել են Չեռնոմորսկի վրա։

«Հարձակման հետևանքով վնասվել է քաղաքային հիվանդանոցը, մասնավոր բնակելի շենք, վարչական շենք, հացահատիկի պահեստ և բեռնատարներ։ Չորս մարդ վիրավորվել է, նրանցից մեկը բժիշկ է, որը հակառակորդի հարվածների ժամանակ վիրահատություն էր անում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի ՊՆ-ն իր հերթին հայտնել է, որ հունվարի 31-ի գիշերը տարբեր մարզերում ոչնչացվել է ուկրաինական 49 անօդաչու թռչող սարք։

ԱԹՍ-ներ են խոցվել Ռոստովի, Յարոսլավի, Կուրսկի, Բելգորոդի, Վորոնեժի, Կրասնոդարի, Վոլգոգրադի մարզերում։

Վոլգոգրադի նահանգապետ Անդրեյ Բոչարովը հայտնել է, որ ԱԹՍ-ներից մեկի բեկորների անկման պատճառով նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել, որն արագ մեկուսացվել է։

Տուժել է մեկ աշխատակից։

--00—ՅՄ