ԱՄՆ պետքարտուղարը USAID-ին մեղադրել է ազգային շահերը չպաշտպանելու մեջ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

.

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը (ԱՄՆ ՄԶԳ, USAID) մեղադրել է անհնազանդության և ԱՄՆ ազգային շահերի հետ հաշվի չնստելու մեջ։ Ըստ պաշտոնյանի՝ կազմակերպությունը վերահսկողության տակ վերցնելը միակ ելքն էր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռուբիոն այս մեկնաբանություններն արել է Սալվադորում Fox News-ին տված բացառիկ հարցազրույցում

Մարկո Ռուբիոն հաստատել է, որ արդեն ստանձնել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) տնօրենի պաշտոնակատարի գործառույթները և նշել, որ գործակալությունից իր հիասթափությունը գալիս է դեռևս Կոնգրեսում աշխատելու տարիներից. նա գործակալությունը նկարագրել է որպես «բոլորովին չարձագանքող»: Ռուբիոյի խոսքով՝ ԱՄՆ ՄԶԳ-ն պետք է արձագանքի Պետքարտուղարության քաղաքականության հրահանգներին, սակայն «հրաժարվում էր դա անել»։

Նա շարունակել է քննադատել գործակալության աշխատանքը՝ նշելով, որ նրանք ծախսում են ամերիկացի հարկատուների գումարները, հետևաբար, յուրաքանչյուր ծրագիր, որ նրանք ֆինանսավորում են, պետք է համապատասխանի ԱՄՆ ազգային շահերին։ 

Ռուբիոն հրաժարվել է պատասխանել, թե արդյոք գործակալությունը «պետք է մեռնի», ինչպես առաջարկում է ԱՄՆ Կառավարության արդյունավետության վարչության (DOGE) ղեկավար Իլոն Մասկը՝ փոխարենը շեշտելով, որ նպատակը միշտ եղել է այն բարեփոխել:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել այլ երկրներին տրամադրվող օգնությունը 90 օրով դադարեցնելու մասին։ ԱՄՆ ՄԶԳ-ի Վաշինգտոնի կենտրոնակայանի աշխատողները փետրվարի 3-ից ուղարկվել են արձակուրդի, քանի որ հրաժարվել են գաղտնի փաստաթղթեր տրամադրել DOGE-ի աշխատակիցներին։ 

--00--ԱՀ