ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Չնայած ողջ իշխանությունը Փաշինյանի հրահանգով լծվել է Գյումրիում մարտի 30-ին կայանալիք ավագանու արտահերթ ընտրությունների քարոզչությանը՝ իրենց թեկնածուի օգտին, եւ մրցակիցների դեմ հակաքարոզչությանը, սակայն իշխանական աղբյուրները խոստովանում են, որ ՔՊ-ի վիճակը, մեղմ ասած, շատ տխուր է Գյումրիում։ Ներքին հարցումների արդյունքներով՝ ՔՊ-ն գլխավորող Սարիկ Մինասյանը չորրորդ տեղում է, առաջին եռյակում են նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Դոգի թեկնածուն եւ Ռուբեն Մխիթարյանը։
Ուշագրավ է, որ ՔՊ-ականներն ակնհայտ հակաքարոզչություն են տանում նախկին քաղաքապետի եւ Ռուբեն Մխիթարյանի դեմ՝ վերջինիս ներկայացնելով որպես Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի թեկնածու: Սակայն մարդիկ իրենց հիշողությունը դեռ ամբողջությամբ չեն կորցրել` լավ հիշում են, որ Սարիկ Մինասյանն Էդմոն Մարուքյանի կողմնակիցն էր ժամանակին, որի ցուցակով պատգամավոր էր դարձել։
Ե՛վ Սարիկ Մինասյանի, ե՛ւ ՔՊ-ի ողջ հույսը Արման Սահակյանն է` «Սովրանո» ընկերության սեփականատերը, որը Միքայել Մինասյանի ընկերն էր, բիզնես-պարտնյորը, հովանավորյալը շատ ավելի, քան Ռուբեն Մխիթարյանն է եղել: ՔՊ-ում հասկանում են, որ խնդիրը ոչ թե Սարիկի անձն է, այլ՝ իշխանությունը, որը վստահություն չի վայելում Գյումրիում: Իսկ կուսակցական փակ նիստերի ժամանակ Փաշինյանը խիստ զգուշացրել է՝ չի ների ոչ մեկին, որն ակտիվորեն չի պայքարի Գյումրիում իշխանության հաղթանակի համար: Սակայն այդ «պայքարին» հատկապես վնասում է այն, որ Գյումրու ՔՊ կառույցում ուղղակի իրար միս են ուտում։
--00—ՍՊ