ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News
Ամերիկյան վարչակազմը ողջունել է Սաուդյան Արաբիայում կայացած բանակցությունները ռուսական կողմի հետ, որոնց ժամանակ, ինչպես հայտնի է, ներկայացված չէր ուկրաինական կողմը։ Սպիտակ տունը հայտարարել է, թե զուգահեռ դիվանագիտությունը` առանձին բանակցությունները պատերազմող կողմերի հետ, առաջին քայլն է՝ վերջ դնելու եռամյա հակամարտությանը, որը ցնցել է Եվրոպան:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Էր-Ռիադում կայացած բանակցությունների արդյունքում Վաշինգտոնն ու Մոսկվան համաձայնության են եկել երկու երկրներում գործող դեսպանատների աշխատանքների լիարժեք վերականգման և ուկրաինական պատերազմը վերջ դնող բանակցությունների համար բարձր մակարդակի թիմ ձևավորելու շուրջ:
Բանակցություններին արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` լավատեսություն հայտնելով ընթացքի վերաբերյալ և մերժելով քննադատությունը, թե Ուկրաինան հրավիրված չէր Սաուդյան Արաբիա:
«Կարծում եմ, կարող եմ վերջ տալ այս պատերազմին: Կարծում եմ, որ [այդ ուղղությամբ գործը] շատ լավ է ընթանում, բայց այսօր ինձ հասել են բողոքներ, որ ինչու մեզ չեն հրավիրել: Դուք արդեն երեք տարի է նույն տեղում եք: Սա պետք էր ավարտել երեք տարի առաջ։ Չպետք է սկսեիք [պատերազմը] ի սկզբանե»,- ասել է ԱՄՆ նախագահը:
--00—ՍՊ