Հայաստանի հանքարդյունաբերությունն ու Ադրբեջանի փորացավը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

l_tte0cjdc8e.thumb_

Համընդհանուր հայտարարագրման, Երևանում ուղեվարձի թանկացման և «իրական» ու «պատմական» Հայաստանի դիսկուրսների հորձանուտում գրեթե անդրադարձ չեղավ այն իրողությանը, որ Ադրբեջանը Հաագայի մշտական արբիտրաժային դատարան հայց է ներկայացրել Հայաստանի դեմ՝ փոխհատուցում պահանջելով շրջակա միջավայրին հասցված վնասի և Արցախի եզակի բնության ոչնչացման համար։

Վերոնշյալ պահանջով Ադրբեջանը Հայաստանի դեմ միջպետական արբիտրաժային գործընթաց նախաձեռնել է դեռևս 2023թ․հունվարի 18-ին՝ որպես նպատակ բարձրաձայնելով «ապահովել վայրի բուսական և կենդանական աշխարհի և դրանց կենսամիջավայրերի պահպանությունը»։ 2023թ․սեպտեմբերի 15-ին հաստատվել է արբիտրաժային դատարանի կազմը, իսկ 2024թ․ապրիլի 12-ին Հաագայում կայացել են երկու երկրների միջև առաջին դատավարական լսումները։

Ադրբեջանը Հայաստանից պահանջում է ամբողջական փոխհատուցում կենսամիջավայրերի և կենդանական աշխարհի «զանգվածային ոչնչացման» համար, մասնավորապես՝ այն գործողությունների համար, որոնք բացասաբար են ազդել «վայրի բնության հարյուրավոր տեսակների և կենսամիջավայրերի վրա»։ Սա ներառում է նաև լայնածավալ անտառահատումներ, էկոլոգիապես անարդյունավետ ծառահատումներ, հանքարդյունաբերություն և հիդրոէլեկտրակայանների կառուցում:

Հիշեցնենք, որ սա հայկական բնապահպանական կազմակերպությունների հերթական հայտարարություն չէ, սա Ադրբեջանն է դատական կարգով պահանջում Հայաստանից։

Այս լուրը հերթական անգամ որևէ կերպ չմեկնաբանվեց այս թեզերի սկզբնաղբյուր հանդիսացող հայաստանյան բնապահպանական ՀԿ-ների կողմից։ Դրա փոխարեն, օրինակ, նախկինում որպես բնապահպան հանդիսացող անձը անսպասելի իրավապաշտպան դարձավ և ԶՊՄԿ-ում գործադուլի ողջ ընթացքում ելույթներ էր ունենում ի պաշտպանություն գործադուլի` ակամա խրախուսելով ԶՊՄԿ-ի 10-օրյա պարապուրդը։ Այն, որ կան բազմաթիվ խնդիրներ, չենք վիճարկում, բայց նաեւ փաստ է, որ այս գործարանը ռազմավարական նշանակություն ունի ինչպես Հայաստանի համար ընդհանրապես, քանի որ հանդսանում է թիվ 1 հարկատուն, Սյունիքի համար՝ հատկապես։

Ի վերջո այս գործարանն է ապահովում աշխատատեղեր, որի չի շնորհիվ բնակչությունը չի արտագաղթում։ Հետեւաբար այդ թվում բնապահպանական խնդիրների մասին բարձրաձայնելիս, այո, պետք է լինել զգուշավոր հատկապես այս փուլում, երբ գուցեեւ ներքին սպառման համար հնչեցվող մտքերը, կամ ստացած դրամաշնորհը արդարացնելու միտումները կարող են օգտագործվել թշնամու կողմից ընդդեմ Հայաստանի հանքարդյունաբերության։ Շատ ժամանակ չի անցել, երբ, կեղծ բնապահապաններին օգտագործելով, Բաքուն շրջափակման մեջ վերցրեց Արցախը եւ օկուպացրեց։ Իսկ որ Ադրբեջանն այսօր սեւեռվել է Սյունիքի վրա, գաղտնիք չէ։

Պակաս կարևոր չէ, որ Ադրբեջանի ներկայացրած հայցի «փաստարկների» մեջ նշվում է, որ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) զեկույցի համաձայն՝ վնասվել են Ադրբեջանի հատուկ պահպանվող և արժեքավոր անտառների հազարավոր հեկտարներ, որտեղ աճել են ավելի քան 2000 տարեկան եզակի ծառեր։ Փաստագրվել է նաև Օխչուչայ (Ողջի) գետում հարյուրավոր սատկած ձկների և Հայաստանում հանքարդյունաբերական գործունեության արդյունքում ջրի, հողի և կենսաբազմազանության քիմիական աղտոտումը: Այս մեղադրանքների իրական հեղինակներն էլ են հայ բնապահպանները, հենց այստեղ Հայաստանում են տարիներով հյուսվել այս պատմությունները, որ հիմա օգտագործում է Ադրբեջանը։

Անցած տարվա ընթացքում և հատկապես COP29-ի ժամանակ Հայաստանի անկյունաքարային տնտեսական ոլորտի հանդեպ աննախադեպ տեղեկատվական գրոհից հետո Ադրբեջանը հարաբերական դադար էր վերցրել, բայց երևում է ՀՀ առաջին հարկատուի շուրջ 10-օրյա պարապուրդի փաստով «ոգևորվելուց» հետո, Ադրբեջանում կրկին վերհիշեցին մեր հանքարդյունաբերական համալիրի «վնասակարության» մասին։

Լավ է, որ գոնե այս պարագայում պաշտոնական Երևանը շատ արագ պատասխանեց Ադրբեջանի մեղադրանքներին։ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակն ընդգծել է, որ Ադրբեջանի ներկայացրած իրավական դիրքորոշումը հիմնված է Բեռնի կոնվենցիայի այնպիսի մեկնաբանության և կիրառման վրա, որը չի համընկնում դրա նպատակների և առարկայի հետ, այն է՝ խթանել պետությունների միջև համագործակցությունը՝ վայրի բուսական և կենդանական աշխարհը և դրանց բնական միջավայրերը պահպանելու համար։ Հայաստանը, Բեռնի կոնվենցիայի անդամ պետություն դառնալուց ի վեր, հետևողականորեն հավատարիմ է իր հանձնառությանը՝ պահպանելու տարածաշրջանի վայրի բնությունն ու շրջակա միջավայրը։

--00—ՅՄ