Իսրայելական ուժերն ազատ են արձակել հարյուրավոր պաղեստինցիների

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

photo_2025-02-27_12-02-28

Իսրայելական ուժերն ազատ են արձակել շուրջ 500 պաղեստինցի բանտարկյալի։ Նրանցից 37-ը եղել են Արևմտյան ափից, 5-ը՝ Երուսաղեմից և վերադարձվել են Ռամալլահ քաղաք։ Եվս 456 բանտարկյալ վերադարձվել է Գազայի հատված։ Միևնույն ժամանակ ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը՝ «ալ-Քասամ» բրիգադը, Իսրայելին է վերադարձրել 4 պատանդի մարմին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են արաբական լրատվամիջոցները։ 

Նշվում է, որ վերադարձված պաղեստինցի բանտարկյալների մոտ առկա են եղել մի շարք հիվանդություններ, նրանց մի մասը տեղափոխվել է հիվանդանոց։ 

Բացի այդ, ըստ հրապարակումների՝ Իսրայելը կասեցրել է 24 բանտարկյալ երեխաների ազատ արձակումը, քանի դեռ իսրայելցի չորս պատանդների մարմինների ինքնությունը չի հաստատվել։ ՀԱՄԱՍ-ը 4 իսրայելցի պատանդների մարմինները հանձնել էր Կարմիր Խաչին՝ որպես Գազայում հրադադարի համաձայնագրի առաջին փուլի յոթերորդ խմբաքանակի մաս:

Միևնույն ժամանակ ՀԱՄԱՍ-ը հաստատել է իր հավատարմությունը հրադադարի համաձայնագրին և պատրաստակամություն է հայտնել սկսելու հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները։

--00—ՅՄ