Ընդերքի պահպանման և օգտագործման օրենսդրական պահանջը խախտած ընկերության տնօրենի գործը դատարանում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

photo_2025-03-01_13-04-23.jpg

Գլխավոր դատախազությունը 2024 թվականի ապրիլի 3-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Արարատի մարզում օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվող ՍՊ ընկերություններից մեկի տնօրենի նկատմամբ՝ առանց ընդերքն օգտագործելու թույլտվության, Մասիս համայնքի Սայաթ-Նովա բնակավայրում գտնվող տարբեր հողատարածքներում` պետական սեփականություն հանդիսացող օգտակար հանածո՝ ավազ արդյունահանելու համար:

Քրեական վարույթով պարզվել էր, որ ընկերության տնօրեն Հ.Ա.-ն, 2023 թվականի հուլիսից մինչև 2024 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում, խախտել է ընդերքի պահպանման և օգտագործման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները:

Մասնավորապես՝ Հ.Ա.-ն, առանց ընդերքօգտագործման իրավունքի, հատուկ տեխնիկայի օգտագործմամբ, արդյունահանել էր պետական սեփականություն հանդիսացող օգտակար հանածո՝ ընդհանուր 10 հազար 665 խմ ծավալի ավազ՝ փչացնելով 12 հազար 18 քմ հողատարածք:

Պետությանը և համայնքին պատճառված ընդհանուր՝ 20 միլիոն 986 հազար դրամի վնասը 2025 թվականի փետրվարի 28-ին Ընկերության կողմից ամբողջությամբ վերականգնվել է:

Դատախազը 2025 թվականի փետրվարի 28-ին հաստատել է Հ.Ա.-ի վերաբերյալ կազմված մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ