ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կներկայացնի հանրապետությունը մարտի 2-ին Լոնդոնի նախաձեռնությամբ կազմակերպվող Ուկրաինայի հարցով հանդիպմանը և կհաստատի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ վարելու Անկարայի պատրաստակամությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։
«Միջոցառմանը Թուրքիայի ԱԳ նախարարը մտադիր է ընդգծել, որ երկիրը ջանքեր է գործադրում ռուս-ուկրաինական պատերազմին վերջ դնելու ուղղությամբ՝ արդար և տևական խաղաղություն հաստատելով։ Նա կնշի, որ Թուրքիան, որը 2022 թվականի մարտին անցկացրել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները, պատրաստ է ապագայում կրկին ստանձնել այդ դերը»,- տեղեկացրել է գործակալության աղբյուրը։
Հաքան Ֆիդանը նախատեսում է նաև ընդգծել, որ տարածաշրջանում անվտանգության, տնտեսական բարգավաճման և կայունության ապահովումը պետք է դառնա բոլոր կողմերի ընդհանուր նպատակը գալիք բանակցային շրջանի համատեքստում։
--00—ԱՀ