ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ադրբեջանի պետական բարձր հովանու ներքո գործող «Environmental Protection First» «բնապահպանական» կոալիցիան, որին անդամակցում են շուրջ 20 «բնապահպանական» ՀԿ-ներ (2022-2023 թթ. Արցախը շրջափակած կեղծ «էկոակտիվիստներն» են), այս շաբաթ հրապարակել է Հայաստանի հանքարդյունաբերության ինտերակտիվ թվային քարտեզը, որը տեղեկատվական շտեմարան է՝ ադրբեջաներենով, անգլերենով և հայերենով։ Այդ կոալիցիայի անդամ «Ադրբեջանի քարտեզագիրներ» ՀԿ-ն անցած տարի պատրաստել էր նաև «Հայաստանի Հանրապետության հանքային ռեսուրսներ» եռալեզու քարտեզը, որի հիման վրա ստեղծվել է ներկայիս թվային քարտեզը՝ հիմնված աշխարհագրական տեղեկատվական համակարգի (GIS) ժամանակակից ծրագրերի վրա։
Այդ քարտեզի վրա օգտագործվել են Ադրբեջանի կողմից հորջորջվող, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» տեղանունները։ Եվ պատահական չէ, որ այդ կոալիցիայի համահիմնադիր, Միլի մեջլիսի պատգամավոր Փարվանա Վալիևան բարձր է գնահատել հանրությանը ներկայացված ինտերակտիվ թվային քարտեզում ադրբեջանական ժողովրդին «պատկանող ազգային տեղանունների», ինչպես նաև դրանց հետ կապված «պատմական քարտեզների» ընդգրկումը։
Այդ քարտեզը պարունակում է տեղեկություններ օգտակար հանածոների տեսակների, գտնվելու վայրի, հիմնական աղտոտող ձեռնարկությունների և գետերը աղտոտող նյութերի մասին։ Հեղինակների խոսքով, արտադրական կազմակերպությունների մասին տեղեկությունը ստացվել է տիեզերական պատկերների վերլուծության միջոցով: Սակայն շտեմարանում օգտագործված տեղեկությունների բովանդակությունը և որոշ տեսանյութերի ռակուրսները հուշում են, որ դրանք ձեռք բերելու և նկարահանելու համար ամենևին էլ տիեզերք հասնել պետք չէ։
Օրինակ՝ Ամուլսարի դեմ պայքարող հայկական ՀԿ-ներին շնորհակալություն հայտնած ադրբեջանական «Environmental Protection First» կոալիցիայի կողմից Հայաստանի հանքարդյունաբերության մասին տեղեկատվություն կարող էր տրամադրել Չեխիայի ԱԳՆ–ի դրամաշնորհային ծրագրով տարիներ շարունակ Հայաստանում գործող «Առնիկա» ՀԿ-ն, որին առիթ ունեցել ենք անդրադառնալ։ Հայկական այլ լրատվամիջոցներ ևս պարբերաբար ահազանգել են, որ կասկածելի գործունեությամբ զբաղվող «Առնիկան» հայկական գործընկերների՝ մասնավորաբար «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» ՀԿ-ների հետ հավաքագրում է ջրի, հողի, օդի նմուշներ, տեսանկարահանում և քարտեզագրում է ռազմավարական օբյեկտներ համարվող հանքերն ու պոչամբարները, իսկ վերջերս հասել են նաև Սյունիքի մարզ, ինչն էլ ավելի մտահոգիչ է դարձնում նրանց գործունեությունը։
Հայաստանի հանքերի քարտեզագրումը և դրանց բնապահպանական ազդեցության կեղծ ու չափազանցված տեղեկության տարածումը հերթական սադրանքն է Հայաստանի տնտեսության դեմ։ Թե ինչ ձևով ու երբ այս տեղեկությունը կօգտագործվի, դժվար է ասել, սակայն միանշանակ է, որ Ադրբեջանի կողմից հայկական հանքարդյունաբերության դեմ ճնշումը ուժգնանում է Ամուլսարի նախագծի վերագործարկման ֆոնին, ինչն ուղեկցվում է որոշ հայ «փորձագետ-բնապահպանների» ու արտասահմանյան դրամաշնորհային ծրագրերով իրենց գործունեությունն ապահովող հասարակական կազմակերպությունների բարձրացրած աղմուկով։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Ադրբեջանը Հաագայի մշտական արբիտրաժային դատարան հայց է ներկայացրել Հայաստանի դեմ՝ փոխհատուցում պահանջելով «շրջակա միջավայրին հասցված վնասի և Արցախի եզակի բնության ոչնչացման» համար։ Ակնհայտ է, որ ադրբեջանական ղեկավարության համար Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղի ոչնչացումը կարևոր նպատակակետերից մեկն է՝ «Արևմտյան Ադրբեջանի» կեղծ օրակարգի առաջմղման հետ մեկտեղ։ Թշնամու նպատակները պարզ են ու հասկանալի, սակայն տարակուսելի է, թե ինչո՞ւ պատկան մարմինները չեն նկատում ադրբեջանցիներին բացահատ աջակցություն տրամադրող հայերին ու Հայաստանում գործող արտասահմանցիներին։
Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։
--00—ՍՊ