ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումից պահանջել է ազատ արձակել բոլոր իսրայելցի պատանդներին՝ մերժման դեպքում սպառնալով հատուցմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է իր Truth Social սոցիալական ցանցում։
«Ազատ արձակեք բոլոր պատանդներին հիմա, ոչ թե հետո և անհապաղ վերադարձրեք այն բոլոր մարդկանց մարմինները, որոնց դուք սպանել եք, կամ ձեզ համար ամեն բան ավարտված է», - գրել է Թրամփը։
Նա նախազգուշացրել է, որ «ՀԱՄԱՍ-ի ոչ մի անդամ անվտանգ չի լինի», քանի դեռ պաղեստինյան շարժումը չի կատարել իր պայմանները։
«Սա ձեր վերջին նախազգուշացումն է: Հիմա ժամանակն է, որ ղեկավարությունը հեռանա Գազայից, քանի դեռ հնարավորություն ունեք», - ընդգծել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը նաև դիմել է Գազայի բնակիչներին՝ խոստանալով հիանալի ապագա, եթե նրանք չպահեն պատանդներին։
«Եթե դա անեք (շարունակեք պահել պատանդներին), դուք կմահանաք: Խելամիտ որոշում կայացրեք: Ազատ արձակեք պատանդներին հիմա, այլապես ավելի ուշ ստիպված կլինեք հատուցել դրա համար», - հայտարարել է նա։
Թրամփը վերջնագիր է ներկայացրել վեց իսրայելցի պատանդների հետ հանդիպումից հետո, որոնք ազատ են արձակվել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի համաձայնագրի առաջին փուլի շրջանակներում։
Միևնույն ժամանակ, ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Հազեմ Քասեմը CNN հեռուստաալիքին հայտնել է, որ Թրամփի հրապարակումը սոցցանցերում «կբարդացնի հրադադարի համաձայնագրի հետ կապված հարցերը» և Իսրայելի կառավարությանը կդրդի չկատարել այն։
Ավելի վաղ Axios լրատվական հարթակը հաղորդել էր Դոհայում պատանդների հարցերով ԱՄՆ նախագահի պատվիրակ Ադամ Բոուլերի և ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների միջև ուղղակի բանակցությունների մասին. կողմերը փորձել են նոր համաձայնության գալ Գազայի հատվածում հրադադարի և պատանդների ազատ արձակման շուրջ:
Պաղեստինյան շարժումը Գազայում 59 պատանդ է պահում։ Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է, որ նրանցից 35-ը զոհվել է։ Իսրայելական հետախուզությունը կարծում է, որ 22 մարդ դեռևս ողջ է, ևս երկուսի կարգավիճակն անհայտ է: Պատանդների թվում կա հինգ ամերիկացի։
--00--ԱՀ