ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը հայտարարել է, որ կազմակերպությունն աշխատանքային կապեր է պահպանում Հայաստանի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտնել է, ռուսական «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում՝ անդրադառնալով կազմակերպության և Հայաստանի միջև համագործակցությանը։
«Մենք աշխատանքային կապեր ենք պահպանում Երևանի հետ։ Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը մնում է դաշնակից, և կազմակերպության պարտավորությունները երկրի նկատմամբ պահպանվում են»,-նշել է Իմանղալի Թասմաղամբետովը։
Անդրադառնալով ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը վերսկսելու պատրաստակամության մասին Հայաստանից ստացված հնարավոր ազդանշաններին՝ Թասմաղամբետովը հայտարարել է, որ հարաբերությունների ձևաչափը չի փոխվել և մնում է նույնը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին։
«Ես գնահատում եմ, որ ՀԱՊԿ-ն չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, մասնավորապես 2021 թվականին, 2022 թվականին, և դա չէր կարող անցնել առանց հետևանքների։ Եվ հետևանքն էլ այն է, որ մենք գործնականում, ըստ էության, սառեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում»,- հայտարարել էր Փաշինյանը։
--00--ԱՀ