Հիմա ժամանակն է, որ Շվեյցարիայի կառավարությունը լիարժեք իրականացնի ընդունված որոշման դրույթները. ՀՅԴ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

.

Մարտի 18-ին Շվեյցարիայի Դաշնային ժողովի վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդը, ընդունեց № 24.4259 որոշումը՝ «Խաղաղության ֆորում Լեռնային Ղարաբաղի համար․ հնարավորություն տալ հայերի վերադարձին»: Այս որոշումը, որը նախապես ընդունվել էր Ազգային խորհրդի՝ Շվեյցարիայի Դաշնային ժողովի ստորին պալատի կողմից, պարտավորեցնում է Շվեյցարիայի կառավարությանը ստեղծել միջազգային ֆորում՝ նպաստելու և ապահովելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնիկ հայերի վերադարձի իրավունքը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը:

«Այս նախաձեռնությունը ներկայացվել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից և կոչ է անում կազմակերպել բաց ուղիղ երկխոսություն Լեռնային Ղարաբաղի հայ ներկայացուցիչների և Ադրբեջանի իշխանությունների միջև։ Այն նաև ընդգծում է միջազգային հանրության անժխտելի պատասխանատվությունը՝ ապահովելու տեղահանվածների անվտանգ վերադարձը դեպի իրենց պատմական հայրենիքը։

Կարևոր է նշել, որ որոշման հիմնավորման մեջ հատուկ նշվում է, որ Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերին իրականացված ռազմական գործողություններից հետո Լեռնային Ղարաբաղը ամբողջությամբ հայաթափվել է, ինչն էլ որակվում է որպես «փաստագրված էթնիկ զտում»։ Փաստաթուղթը շեշտում է, որ ադրբեջանական իշխանությունների ուղղակի սպառնալիքներն ու ռազմական գործողությունները տարածել են վախ և ստիպել հայ բնակչությանը ընդամենը մի քանի օրվա ընթացքում լքել իրենց հայրենիքը։

Այս որոշումը պարտավորեցնում է Շվեյցարիայի կառավարությանը ստեղծել միջազգային ֆորում՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի/Արցախի հայերի ներկայացուցիչների միջև, որը կխթանի արցախահայության վերադարձի իրավունքը՝ միջազգային անվտանգության երաշխիքների ներքո՝ նրանց պաշտպանության ապահովման նպատակով։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունել է այս նոր զարգացումը․Գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը մասնավորապես նշել է. «Շնորհավորում եմ Շվեյցարիայի Կանտոնների խորհրդին՝ այս նախաձեռնությունը վավերացնելու համար, որը նախկինում արդեն ընդունվել էր Ազգային խորհրդի կողմից։ Հիմա ժամանակն է, որ Շվեյցարիայի կառավարությունը լիարժեք իրականացնի այս որոշման դրույթները և խթանի արցախահայության անվտանգ և անխոչընդոտ վերադարձը դեպի իրենց հայրենիք։ Նման ֆորումի ստեղծումը, որը կհեշտացնի վերադարձի իրավունքը միջազգային պաշտպանության երաշխիքներով, ոչ միայն հաղթանակ է հայ ժողովրդի համար, այլև հաղթանակ է բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են արդարության և խաղաղության համար»,- ասված է հայտարարության մեջ:

--00--ԱՀ