Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տուգանել է Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

ս

2025 թվականի փետրվարի 14-ի նիստում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշել էր վարույթ հարուցել Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի նկատմամբ։ Վարույթ հարուցելու հիմքը «Հետքի»՝ «Ալավերդու համայնքապետարանը 3,8 մլն դրամի պայմանագրեր է կնքել ավագանու անդամի մոր ԱՁ-ի հետ» վերտառությամբ հրապարակումն է եղել։ Այս մասին հայտնում է Հետքը:

Դեռևս նախորդ տարվա օգոստոսին «Հետքը» գրել էր, որ Ալավերդու համայնքապետարանը ընդհանուր 3.8 մլն դրամի երկու պայմանագիր էր կնքել Մանուշ Դալլաքյան ԱՁ-ի հետ։ Մանուշ Դալլաքյանը Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արեն Դալլաքյանի մայրն է։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթի քննությունն ավարտել է փետրվարի 25-ին և որոշել տուգանել Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանին։ Տուգանքի չափը 300.000 դրամ է։

Հանձնաժողովը վարույթի քննության արդյունքում եզրակացրել է, որ Ալավերդու համայնքապետը խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածը։ Այս հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պաշտոն զբաղեցնող անձը պետք է խուսափի շահերի բախման հանգեցնող գործողություններից, ձեռնպահ մնա շահերի բախման իրավիճակում գործողություն կատարելուց կամ որոշում ընդունելուց: 

«Եթե պաշտոն զբաղեցնող անձի կողմից կամ նրա մասնակցությամբ իր լիազորությունների շրջանակում գործողության կատարումը կամ որոշման ընդունումը կարող է հանգեցնել շահերի բախման, ապա պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է իր վերադաս անձին կամ անմիջական ղեկավարին (եթե վերադաս կամ անմիջական ղեկավար ունի) ներկայացնել գրավոր հայտարարություն շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին, որը ենթակա է քննարկման անհապաղ: Նախքան վերադասի կամ անմիջական ղեկավարի գրավոր համաձայնությունը ստանալը անձը պետք է ձեռնպահ մնա հարցի վերաբերյալ գործողություն կատարելուց կամ որոշում կայացնելուց»,- ասված է օրենքում:

Նույն հոդվածի 7-րդ մասով սահմանված իրավակարգավորման համաձայն՝ վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող պաշտոն զբաղեցնող անձը կարող է շահերի բախման առկայության մասին գրավոր հայտարարություն ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որն առաջարկում է ձեռնարկել իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր, այդ թվում՝ հանդես գալ կոնկրետ իրավիճակում շահերի առկայության մասին հայտարարությամբ: Դավիթ Ղումաշյանը սահմանված ժամկետում չի ներկայացրել շահեր բախման վերաբերյալ հայտարարությունը։ 

Դավիթ Ղումաշյանը ԿԿՀ-ի կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու ժամանակ հայտնել է, որ ինքը տեղյակ չի լինում, թե ում հետ է համայնքը կնքում պայմանագրեր։ Նա նաև ասել է, որ տեղյակ չէ օրենսդրական կարգավորումներից և չգիտի, թե ով է փոխկապակցված անձը։ Ղումաշյանը, սակայն, ընդունել է կատարած զանցանքը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այս տարի ևս երկու վարույթ է հարուցել «Հետքի» հրապարակումների հիման վրա։ Վարույթներից մեկը վերաբերում է Տաշիր, մյուսը Ախուրյան համայնքի ղեկավարի կողմից շահերի բախման առկայության վերաբերյալ հայտարարություն չներկայացնելուն։ Նշված երկու վարույթները դեռևս քննվում են։


--00--ԱՀ