ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլի կարծիքով՝ Հայաստանի դեմ Ազգերի լիգայի անցումային խաղերում ֆավորիտները չկան:
«Այս հանդիպումը դերբի է երկու հավաքականների համար և նմանատիպ խաղերը չեն ունենում ֆավորիտ թիմեր: Մենք գիտենք, որ մեզ բարդ հանդիպում է սպասվում և դժվար է լինելու նաև Հայաստանի հավաքականի համար: Հանդիպումն այստեղ է` Հայաստանում և չեմ էլ կարող պատկերացնել, թե ինչպիսի մեծածավալ աջակցություն կունենա Հայաստանի հավաքականը: Նրանք փոխել են իրենց մարզչին և հենց սա էլ հիմք ընդունելով, կարծում եմ` հեշտ չի լինելու: Վրացի ֆուտբոլիստները պատրաստ են, ու պատրաստ են լավ ֆուտբոլ խաղալու»։
Անդրադառնալով Վրաստանի ֆուտբոլի ընտրանու ընդլայնված կազմում ներքին առաջնությունից ֆուտբոլիստների բացակայությանը` մասնագետը շեշտեց, որ թեպետ նախորդ խաղերում ազգային թիմում ներքին առաջնությունից ֆուտբոլիստներ կային, սակայն այն, որ այժմ բացակայում էին հայտացուցակից, նշանակում է, որ բավական լավ մարզավիճակում չեն:
«Ինչ վերաբերվում է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նոր գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպին, ապա ես նրան գիտեմ դեռևս այն ժամանակներից, երբ նա մարզում էր Հունաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին: Նա եղել է նաև «Այաքս»-ի գլխավոր մարզիչը, ինչը խոսում է այն մասին, որ նա լավ մասնագետ է: Կարծում եմ, նրա ներկայությունը մեծ հնարավորություն է հայկական ֆուտբոլի համար կրկին վերադառնալու առավել բարձր մակարդակի: Հայաստանը մեծ կիրքով է ֆուտբոլ խաղում վերջին տարիներին: Եվ դուք ունեք այնպիսի ֆուտբոլիստ, ինչպիսին Հենրիխ Մխիթարյանն է: Երկու երկրների համար դժվար է մրցել մեկմեկու հետ, քանի որ պատմություն ունեն միասին անցած: Սակայն վաղվա խաղում մեզնից միայն մեկն է երջանիկ լինելու, հույս ունեմ` վրացիները»,-առանձնացրեց նա:
ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի շրջանակներում մարտի 20-ին (մեկնարկը` 21:00-ին ) Հայաստանի ընտրանին Երևանում կընդունի Վրաստանի ընտրանուն, իսկ մարտի 23-ին (մեկնարկը` 18:00-ին) կկայանա պատասխան խաղը: Դիմակայության հաղթողը իրավունք կստանա հանդես գալու Ազգերի լիգայի B ենթախմբում:
--00--ԱՀ