Կիևի արձակած ԱԹՍ-ներից Էնգելսի օդանավակայանում հրդեհ է բռնկվել, իսկ Ուկրաինայում կա 8 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

.

ՌԴ Սարատովի մարզի Էնգելս քաղաքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով տեղի օդանավակայանում հրդեհ է բռնկվել, մոտակա տների բնակիչները տարհանվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սարատովի մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինը։

«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ օդանավակայանի տարածքում բռնկված հրդեհի պատճառով իրականացվում է օբյեկտի մոտակայքում գտնվող այգեգործական ոչ առևտրային համայնքների տարածքում բնակվողների տարհանում։ Բոլոր օպերատիվ ծառայությունները տեղում են», - գրել է նա Telegram-ում։

Նահանգապետը հայտնել է նաև, որ Էնգելսի մի քանի այգեգործական ոչ առևտրային համայնքներում ավելի քան 30 առանձնատուն և ամառանոց է վնասվել ԱԹՍ-ների հարձակումներից, մի քանի բնակիչ դիմել է բժշկական օգնության։

Իսկ ռուսական Telegram ալիքները, վկայակոչելով տեղի բնակիչներին, հայտնել են, որ մի քանի պայթյուն է լսվել, որից հետո Էնգելսի նավթաբազայում հրդեհ է բռնկվել։

Ըստ Բուսարգինի՝ լույս մարտի 20-ի գիշերը Սարատովի մարզի վրա տեղի ունեցած հարձակումն ամենախոշորն էր ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Սարատովի վրա արձակվել է 54 ԱԹՍ։ Ընդհանուր առմամբ, ռուսական ուժերը երկրի տարածքում խոցել են ուկրաինական 132 ԱԹՍ։ 

Ռուսական ուժերն իրենց հերթին հարվածներ են հասցրել Ուկրաինային։ Ըստ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության՝ Կրոպիվնիցկի քաղաքի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 8 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երեխա, ավերվել է քաղաքացիական ենթակառուցվածք, մի քանի թաղամասերում վնասվել են բնակելի տներ։

--00--ԱՀ