ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Թուրքիայում կրկին բողոքի ցույցեր են, մասնակիցները հավաքվել են քաղաքապետարանի մոտ գտնվող Սարաչհանե հրապարակում՝ ի պաշտպանություն կոռուպցիոն գործով ձերբակալված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի։ Ոստիկանությունը փակել է այն տարածքը, որտեղ տեղի է ունենում ցույցը, մինչ այժմ միջադեպեր չեն գրանցվել, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Իմամօղլուն ավելի վաղ կոչ էր արել Թուրքիայի քաղաքացիներին մասնակցել մարտի 23-ին ի պաշտպանություն ժողովրդավարության զանգվածային ցույցերին։ Նրան աջակցող ակցիաներ են անցկացվում ամեն օր քաղաքապետարանի մոտ։ Ամենամեծը տեղի է ունեցել շաբաթ օրը, ըստ ընդդիմության, դրան մասնակցել է մոտ 1 մլն մարդ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ստամբուլի քրեական դատարանը Իմամօղլուի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը՝ կոռուպցիայի մեղադրանքով։ Քաղաքապետի հետ ձերբակալվել են ևս մի քանի տասնյակ մարդիկ, այդ թվում՝ քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Կասկածյալներից ոմանք ազատ են արձակվել դատական հսկողության տակ կամ գրավի դիմաց։ Ընդհանուր առմամբ, կոռուպցիայի և ահաբեկչության գործերով ներգրավված է 92 մարդ։
Իմամօղլուն և մյուս մեղադրյալներն իրավունք ունեն բողոքարկել խափանման միջոցը երկշաբաթյա ժամկետում։ Եթե դատարանը չի բավարարում բողոքը, ապա մեղադրյալն իրավունք ունի կրկին բողոքարկելու՝ ընդհուպ մինչև Սահմանադրական դատարան։
--00—ՅՄ